18 ապրիլի 2025 - 10:57 AMT
ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները կմասնակցեն Մոսկվայում Հաղթանակի օրվա միջոցառումներին

Անկախ պետությունների համագործակցության՝ ԱՊՀ անդամ երկրների բոլոր ղեկավարները հաստատել են մասնակցությունը Մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա միջոցառումներին։ Այդ մասին ապրիլի 17-ին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ ելույթ ունենալով ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։

«Ես մեծ ուրախությամբ և բավարարվածությամբ, ցանկանում եմ հայտնել, որ ԱՊՀ բոլոր պետությունների ղեկավարները մայիսի 9-ին մասնակցելու են Մոսկվայում տեղի ունենալիք տոնակատարություններին»,–ասել է նա, հայտնում է Regnum–ը։

Իր ելույթում Լեբեդևը նշել է, որ ԱՊՀ արտաքին գործերի նախարարները համաձայն են համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտության հետ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական և հումանիտար ոլորտներում։ Նա նաև կարևորել է անվտանգության ոլորտում համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։

Ավելի վաղ՝ ապրիլի 15-ին, Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարներ ծրագրում են ներկա լինել Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին։ Նա նշել է, որ բոլոր հյուրերը միջոցառմանը կմասնակցեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին։ Ըստ նրա՝ մայիսի 9-ը «հզոր օր է, հատկապես այսօրվա պայմաններում»։

Մասնակցությունը հաստատել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Բացի այդ, Մոսկվա են ժամանելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Հաղթանակի օրվա զորահանդեսին մասնակցելու մտադրություն են հայտնել նաև Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Բոսնիա և Հերցեգովինայի կազմի մեջ գտնվող Սերբական Հանրապետության ղեկավար Միլորադ Դոդիկը, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելն, Վիետնամի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Թո Լամը, Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան և Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը։

Մինչդեռ ապրիլի 14-ին Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ անդամ պետությունների և անդամակցության թեկնածու երկրների ներկայացուցիչները չպետք է մասնակցեն զորահանդեսին։ Նա նախազգուշացրել է, որ մայիսի 9-ի միջոցառումներին մասնակցողներին «հետևանքներ» են սպասում։

Դրան ի պատասխան՝ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Կալասին անվանել է «խելագար ռուսատյաց»՝ մեղադրելով նրան նացիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը անարգելու մեջ։ Նա առաջարկել է նրան ազատել եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնից և հանձնել ՄԱԿ-ի միջազգային դատարանի քննությանը։

Խորհրդային Հայաստանից բանակ մեկնեցին ավելի քան 300 հազար, իսկ ԽՍՀՄ մյուս հանրապետություններից՝ ևս 200 հազար հայեր։ Պատերազմի ընթացքում ռազմաճակատներում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։