Եվրախորհրդարանի անդամ, ֆրանսիացի քաղաքական գործիչ Նիկոլա Բեյը նշել է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայից և Ադրբեջանից եկող սպառնալիքներն առ այսօր չեն դադարել, և այսօր Հայաստանը կանգնած է նմանատիպ վտանգների առաջ։
«Որպես ֆրանսիացի ու եվրոպացի՝ կարող եմ փաստել, որ մենք և Եվրոպական միությունը համերաշխ ենք Հայաստանի հետ, և այդ համերաշխությունը հիմնված է ընդհանուր քաղաքակրթության վրա, որ մենք կիսում ենք։ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, որն էլ հենց կապ է ստեղծում ՀՀ-ի ու ԵՄ-ի ժողովուրդների միջև։ Մյուս կողմից աշխարհաքաղաքական դիրքով պայմանավորված՝ Հայաստանը մշտապես գտնվում է սահմանակից Ադրբեջանի և Թուրքիայի թիրախում, որոնք ցանկանում են վերստեղծել մեծ Օսմանյան կայսրությունը։ Որպես ֆրանսիացիներ ու եվրոպացիներ, մենք պետք է լինենք հայերի կողքին և երբեք նրանց մենակ չթողնենք»,-ասել է Բեյը, գրում է Արմենպրեսը։
Նա ընդգծել է, որ ավելի քան մեկ դար անց Հայաստանը դեռ բախվում է նույն բնույթի մարտահրավերների ու թշնամական վերաբերմունքի։
«Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական գրավումն ու հայաթափումը դրա ապացույցն է։ Արցախը դարեր շարունակ եղել է հայկական տարածք և հիմա այնտեղ եկեղեցիներն ու սրբատեղիները վերածվում են մզկիթների, ինչը հայկական ինքնության վերացում է։ Կան եվրոպական կառույցներ, կան որոշ երկրներ, որոնք, ելնելով իրենց տնտեսական ու քաղաքական շահերից, անտեսում են այդ խնդիրները, բայց մենք իրապես մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք ցուցաբերում հայերին՝ ներկայացնելով իրականությունն ու բարձրաձայնելով այն խնդիրները, որոնք հուզում են հայ ժողովրդին»,-ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է պահել հայ գերիներին, ևս մի վկայություն է այդ ագրեսիվ վերաբերմունքի մասին։
ԵԽ պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա տարածքային կոնֆլիկտ, կան սահմանների հետ կապված քննարկումներ, բայց պատմական իրողությունն այն է, որ Արցախի ժողովուրդը, նրա պնդմամբ, պետք է ունենա իր տարածքում անվտանգ ապրելու հնարավորություն։
Խոսելով խաղաղության գործընթացից՝ նա նշել է, որ Հայաստանը խաղաղության ձգտում ունի, սակայն Բաքուն խոչընդոտում է գործընթացը՝ շարունակաբար առաջ քաշելով նոր պահանջներ։
«Իհարկե, հասկանալի է, որ Հայաստանի կառավարությունը փորձում է կյանքի կոչել խաղաղության պայմանագիրը՝ խուսափելով վիճահարույց խնդիրներից, բայց Ադրբեջանն առաջ է քաշում նոր պահանջներ, խոչընդոտում է գործընթացը, և նույնիսկ հավակնություններ է դրսևորում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ակներև է, որ Ադրբեջանը, առաջ քաշելով նոր նախապայմաններ, ըստ էության, չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը և դրանով իսկ տապալում է կարգավորման գործընթացը։ Խաղաղության պայմանագիրն, իհարկե, ցանկալի է, բայց այն պետք է հիմնված լինի երկու կարևոր և անբեկանելի բաղադրիչների վրա, որոնցից մեկը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է, իսկ մյուսը՝ հայ ժողովրդի անվտանգությունը»,- նշել է ԵԽ պատգամավորը։
Նրա խոսքով՝ Հայաստանը միշտ խաղաղություն է փնտրել, ինչի համար միջազգային հանրությունն ու կառույցները պետք է ցուցաբերեն լիարժեք աջակցություն։ Նա հավելել է, որ Ֆրանսիան և եվրոպական մյուս երկրները, որոնք հավատարմություն ունեն քրիստոնեական արժեքների պահպանմանը, միշտ կանգնած են Հայաստանի կողքին։
«Կարծում եմ, որ վիզաների ազատականացումը կարող է նպաստել եվրոպական ժողովուրդների և հայերի միջև կապերի սերտացմանը, և քանի որ ունենք ընդհանուր քաղաքակրթական հենք, հետևաբար կողմ ենք վիզաների ազատականացմանը՝ միաժամանակ ստեղծելով անվտանգային պայմաններ։ Բայց այդ ամենը պետք է ցույց տալ ոչ միայն խոսքով, այլև գործով։ Եվրոպական ժողովուրդների և հայերի միջև ազատ տեղաշարժի հեշտացումն, անկասկած, պետք է լինի այդ կապերի ամրության կարևոր բաղադրիչը, առավել ևս, որ վիզաների ազատականացումը շատ լեգիտիմ գործընթաց է։ Ֆրանսիայի հայ համայնքի օրինակով ունենք լավ փորձ։ Հայերը մեր համերկրացիներն են, ունեն Ֆրանսիայի քաղաքացիություն, աշխատասեր են և շատ մեծ մշակութային հարստություն են տվել մեր երկրին»,- եզրափակեl 1 ԵԽ ֆրանսիացի պատգամավորը։