«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այս փուլում Հայաստանի իշխանությունները հակաարցախյան հռետորաբանություն են որդեգրել՝ նպատակ ունենալով սիրաշահել Ադրբեջանին։
«Վերջին օրերին արցախցիների ու, առհասարակ, հայության տարբեր խմբերի նկատմամբ ատելություն գեներացնող իշխանության քայլերը տարբեր դրդապատճառների ներքո քննարկվեցին: Կարծում եմ, որ այս փուլում, իշխանության հակարցախյան հռետորաբանության հիմքում Ադրբեջանին «ընծա» մատուցելն է, որի վերջին արարը, միգուցե, դառնաԱրցախի ներկայացուցչության փակումը (2023-ի սեպտեմբերից հետո դրա շանտաժն անընդհատ հնչում է)»,– գրել է Աբրահամյանը։
«Սակայն այս պահին, իշխանությունը որպես զիջում փորձում է Ադրբեջանին ծախել իր կոշտ դիրքորոշումն Արցախի ու արցախցիների ապագայի նկատմամբ` Ադրբեջանից ակնկալելով բարեհաճ վերաբերմունք»,–գրել է նա։
2025 թվականի փետրվարի 11-ին ԱԺ միջանցքում ճեպազրույցի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը արցախցիներին մեղադրել է՝ պնդելով, թե նրանք չեն կռվել և պարզապես փախել են. «պետք էր մնալ ու կռվել»։ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ապրիլի 17–ին ասել է, թե 2023–ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ ընդամենը 10 մարդ է զոհվել։