Սուքիասյան․ 44–օրյային ղարաբաղցիների մեծ մասը չի կռվել, մի մասը սաբոտաժ է արել

Սուքիասյան․ 44–օրյային ղարաբաղցիների մեծ մասը չի կռվել, մի մասը սաբոտաժ է արել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե «44-օրյա պատերազմի ժամանակ ղարաբաղցիների մեծ մասը չի կռվել, մի մասն ինադու սաբոտաժ ա արել, մի մասն ինադու տվյալներ ա տվել»։

«Սա բոլորը գիտեն, ընթացքում էլ կտեսնեք դատական պրոցեսներից»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե արդյոք սա հանցագործության մասին հաղորդում է, պատգամավորը արձագանքել է. «Հաղորդում չեմ տալիս, ասում եմ՝ դատական պրոցեսներով... 5 տարի է քրեական գործեր են գնում։ Ղարաբաղից շատ ընկերներ ունեմ, իրենց հետ հաճախակի շփվում եմ, շատերին աշխատանքի եմ տեղավորել, իմ ընկերներին, անծանոթ մարդկանց։ Շատ լավ մարդիկ կան, աշխատասեր մարդիկ կան»։

Նա կրկին ընդգծել է․ «Մեծ մասը չի կռվել։ 3000-ից ավելի զոհ տվել ենք ընդհանուր՝ Հայաստանից ու Ղարաբաղից։ Իհարկե, մեր արցախցի եղբայրները կռվել են, բայց պետք է մի բան ճշտենք՝ արդյոք Արցախում բնակվող 150 հազարը, որը պետք է պաշտպաներ իր սահմանները, ինչքան են զոհվել, Հայաստանից ինչքան։ Երբ որ նայում ենք կշիռը, այդքան էլ այդպես չէ։ Դրա համար էլ շատերը չեն կռվել։ Դրա մասին է խոսքը»։

Ինչ վերաբերում է 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններին, պատգամավորը նշել է, որ Արցախի բնակիչները մնացել են առանց Հայաստանի աջակցության։

«Ես 44-օրյա պատերազմի մասին ասացի, իսկ 2023 թվականի սեպտեմբերի հետ կապված, իհարկե, արցախիցները մնացել էին մենակ, Հայաստանի օգնություն չի եղել»,–ասել է նա։

Խաչատուր Սուքիասյանը եզրափակել է՝ ընդգծելով Հայաստանի պետականության կարևորությունը և անհրաժեշտությունը՝ խուսափելու ավելորդ ռիսկերից․ ասել է, որ Հայաստանը մեր միակ միջազգային մակարդակով ճանաչված պետությունն է, ուստի հարկ է գործել զգուշորեն՝ հանուն երկրի հարատևության։

Սուքիասյանն ապրիլի 17–ին ասել էր, թե 2023–ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ ընդամենը 10 մարդ է զոհվել։Արցախի տեղեկատվական շտաբը հիշեցրել է, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի:

Հարցազրույցից քիչ անց Խաչատուր Սուքիասյանը ներողություն է խնդրել՝ անդրադառնալով միայն հարցազրույցի այն մասին, որտեղ խոսել է սեպտեմբերի 19-ի զոհերի մասին։«Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։ Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար»,–ասել է նա։

 Ուշագրավ
---