Ազգային ժողովի ապրիլի 18-ի նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, անդրադառնալով գույքահարկի թարմացվող դրույքաչափերին, հայտարարել է, որ Հայաստանում սեփական տներ կամ, ինչպես ընդունված է անվանել՝ առանձնատներ ունեցողների 51 տոկոսը՝ այսինքն բնակիչների ավելի քան կեսը, 2026-ին վճարելու է ամսական 50-300 դրամով ավելի բարձր գույքահարկ։
Նա նշել է, որ բնակարանների 46 տոկոսի, այսինքն՝ ինչքան բնակարան կա ՀՀ-ում, դրանց մոտ կեսը 2026 թվականին ամսական ընդամենը 250-500 դրամ է ավելի շատ վճարելու, հայտնում է 1lurer.am-ը։
«Բայց այն 0․67 տոկոսը տալու է այնքան գումար, որ ամսական 50 դրամ կամ 250 դրամ ավելի վճարող շարքային «աշխատող աղքատները» («Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի բնորոշումն է- խմբ.) ունենան թանկարժեք տրանսպորտ, թանկարժեք մանկապարտեզ, թանկարժեք ասֆալտ, թանկարժեք այլ ենթակառուցվածքներ:
Այլ հավասար պայմաններում չի լինի, որովհետև դուք ուզում եք, որ «աշխատող աղքատը» շարունակի նույնքան գումար վճարել այդ նույն հանրային տրանսպորտի համար, որքան այն 0․67 տոկոսի մի մասն է վճարել ավտոբուսների համար»,– ասել է Գաբրիելյանը:
Խորհրդարանում քննարկվում է ընդդիմության ներկայացրած՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը՝ բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկման դեպքի, որի պարագայում գործող կարգավորումներն առաջարկվում է թողնել անփոփոխ: