Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի պաշտպան Նաիր Տիկնիզյանը RB Sport-ին տված հարցազրույցում խոսել է նաև Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում Վրաստանի ընտրանուց կրած խոշոր հաշվով պարտությանմասին՝ նշելով, որ պարտությունից հետո Հայաստանում թեթև սուրգ էր։
Նա հույս է հայտնել, որ արդեն ամռանն իրավիճակը կշտկվի։
«Ինչպե՞ս եմ հաղթահարել Վրաստանից կրած պարտությունը։ Իհարկե, դժվար է և տհաճ՝ նման խոշոր հաշվով պարտություն կրելը։ Ինչի՞ մասին էինք խոսում խաղից հետո հանդերձարանում։ Նման պարտություններից հետո խաղացողները սովորաբար ոչինչ չեն ասում, ուստի Թբիլիսիում Վրաստանի հետ խաղից հետո Հայաստանի հավաքականի հանդերձարանում լռություն էր տիրում։
Վրաստանից կրած պարտությունից հետո Հայաստանում թեթև սուգ էր, բայց հուսով եմ, որ ամռանը իրավիճակը կշտկվի, և մենք լավ կպատրաստվենք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի սեպտեմբերյան հանդիպումներին»,- ասել է նա։
Ջոն վան’տ Սխիպի ղեկավարած հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլի շրջանակում ընդգրկվել է F խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու Հունգարիան, Իռլանդիան և Պորտուգալիան։
Ազգերի լիգայի փլեյ-օֆի պատասխան խաղում Վրաստանի հավաքականը 6:1 հաշվով հաղթել է Հայաստանի ընտրանուն։Հանդիպման ավարտից անմիջապես հետո մի խումբ վրացի երկրպագուներ անկարգություններ են սկսել՝ ներխուժել են խաղադաշտ, ուղղվել դեպի հայ երկրպագուների սեկտորն ու սկսել պլաստիկե տարաներ նետել նրանց ուղղությամբ։
ՈւԵՖԱ-ն 40,000 եվրոյով տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Հայաստանի հավաքականի հետ մարտի 23-ին Թբիլիսիում կայացած հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպի պատճառով։