Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն Ազգային ժողովում նշել է, որ ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարն իրենց համար առաջնային կարևորություն ունի։ Նա ընդգծել է, որ հույս ունեն՝ Եվրոպական դիրեկտիվներին հետևելով և հստակ չափանիշներ սահմանելով, Հայաստանն այս տարի վերջապես կունենա ատելության խոսքի ազգային սահմանում, քանի որ ներկայում գործել են բացառապես միջազգային փաստաթղթերի ու պայմանագրերի հիման վրա։
«Ունենալով մերը և իմպլեմենտացնելով դա օրենսդրության մեջ՝ մենք ավելի հստակ կարող ենք պայքարել այդ չարիքի դեմ: Բայց այդ պայքարը կլինի արդյունավետ, եթե լինի բոլոր խաղացողների իրավունքների և պարտավորությունների համահարթեցում: Այսօր մենք կարողանում ենք պատիժներ կիրառել միայն հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստա- և ռադիոընկերությունների հանդեպ:
Դուք շատ լավ գիտեք, որ ատելությունը, չարությունը, բռնությունը ավելի շատ գեներացվում են համացանցում և շատ ժամանակ նաև կաբելային ցանցերում: Օրինակ՝ այս տարի 2 վարույթ ունեցանք, 2-ն էլ ազգային և կրոնական խտրականության վերաբերյալ էին, օրինակ՝ Ասիայից եկող աշխատողների, հնդիկների և այլ երկրների բնակիչների… Հայաստանի ռադիոընկերություններից մեկը պատժվեց 500 հազար դրամով միայն այն բանի համար, որ զբաղվում էր ազգային խտրականությամբ, որը, ցավոք, մեր հասարակության մեջ ինչ-որ բացասական արձագանքներ ստացավ: Մարդկանց որոշ մասի մինչև հիմա երևի թվում է՝ մենք ընտրյալ ազգ ենք, մյուսների մասին ինչ ուզում ենք, կարող ենք խոսել»,– ասել է Հակոբյանը, հայտնում է 1lurer.am-ը։
Նրա խոսքով՝ այս պահին վարչական լծակները չեն տարածվում բոլոր լրատվամիջոցների վրա, ինչի հետևանքով իրավական վերահսկողությունը հավասար չէ, և ատելության խոսքը հիմնականում տարածվում է այն հարթակներով, որոնք կարգավորման դաշտից դուրս են մնում։
Հակոբյանն ընդգծել է, որ համացանցային միջավայրում և կաբելային հեռարձակման համակարգերում ատելության խոսքի տարածման խնդիրը հատկապես մեծ է, ուստի համահարթեցման միջոցով հնարավոր կլինի ապահովել ամբողջական վերահսկողություն և կանխարգելում։
Ըստ ՀՌՀ նախագահի՝ միայն հստակ օրենսդրական սահմանման և հավասար պայմանների դեպքում կարելի է ակնկալել արդյունավետ արդյունքներ այս ուղղությամբ տարվող աշխատանքում։