18 ապրիլի 2025 - 17:31 AMT
Շահրամանյան․ Ապրում եմ 60 քմ-ոց բնակարանում՝ իմ 5 հոգանոց ընտանիքի հետ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով այն խոսակցություններին, թե Արցախի նախագահն ապրում է դղյակներում, ունի բիզնեսներ, ասել է, որ ապրում է 60 քմ-ոց բնակարանում՝ իր 5 հոգանոց ընտանիքի հետ։

«Այս, այսպես կոչված, թալանը պրոյեկտվում է բոլոր արցախցիների վրա։ Մի խումբ մարդիկ օգտվել են այս ամեն ինչից, բայց արցախցիներն են կրում այդ պատասխանատվությունը բոլորի համար»,- ասել է Շահրամանյանը, հայտնում է «Առավոտը»։

Նրա խոսքով՝ բռնի տեղահանությունից հետո Արցախի ներդրումային հիմնադրամը դադարել է գործել, իսկ խոսքը վերաբերում է Արցախում տեղի ունեցած զարգացումներին։

«Ներդրումային հիմնադրամը հենց դրա համար է ստեղծվել, որպեսզի տրամադրի գումարներ ներդրումներ իրականացնելու համար։ Հիմա բոլորին մեղադրում են թալանի մեջ, բայց դա պետք է ստանա իրավական գնահատական։

Տարբեր քննարկումներ են գնում, որ Արցախի նախագահն ապրում է դղյակներում, ունի բիզնեսներ՝ տաքսի սերվիսներ, գազի «զապրավկաներ» է ձեռք բերել։ Այս ամեն ինչը ճշմարտությանը չի համապատասխանում։ Ես Երևան քաղաքում ապրում եմ 2012 թվականին իմ կողմից ձեռք բերված 60 քմ-ոց երկու սենյականոց բնակարանում՝ իմ 5 հոգանոց ընտանիքի հետ»,–ասել է նա։

Երբ նրան հարց է ուղղվել՝ ի՞նչ խմբեր են օգտվել ներդրումային հիմնադրամի միջոցներից, ինչպես պնդում են բողոքի ակցիայի մասնակից արցախցիները, Շահրամանյանը նշել է, որ հաշվի առնելով նման խոսակցությունները, դիմել են Գլխավոր դատախազություն։ Նա հավելել է, որ իրավական գնահատականը կարևոր է, որպեսզի հանրությանը պարզ դառնա, թե կոնկրետ ով է օգտվել այդ միջոցներից։

Շահրամանյանը նաև ակնարկել է, որ որոշ անձինք, ովքեր մասնակցել են վերջին ցույցին, հիմնադրամից գումար են ստացել, սակայն չեն վերադարձրել այն։ Մանրամասնելով՝ նա ասել է, որ հասարակությունը փոքր է, բոլորը միմյանց ճանաչում են։

«Եվ խոսել թալանի մասին, մանիպուլացնել ժողովրդին, կեղծ օրակարգ բերել, բայց հենց դու լինես այդպիսին, դա անընդունելի է մեր ժողովրդի համար։ Եվ ես վստահ եմ, որ հասարակությունն իր գնահատականը կտա նման մարդկանց։ Եթե պայքարն արդար է, ես պատրաստ եմ աջակցություն ցուցաբերել այդ մարդկանց»,–ասել է նա։

Նա անդրադարձել է նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ կապերին՝ նշելով․ «Ես երկար տարիներ Ազգային անվտանգության համակարգում եմ աշխատել, և պարոն Աբազյանի հետ մենք ծանոթ ենք, գործընկերային հարաբերություններ են։ Այդ հարաբերություններն ուղղված են նաև մեր ժողովրդի որոշակի հարցերի լուծմանը՝ հաշվի առնելով, որ պարոն Աբազյանը հանդիսանում է գերիների, անհետ կորածների հանձնաժողովի ղեկավարը»։

Պատասխանելով այն հարցին, թե մասնակցե՞լ է արդյոք մարտի 29-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին և ինչո՞ւ չի այցելում այնտեղ տեղադրված վրան, նա պարզաբանել է․ «Անհրաժեշտության դեպքում կգնանք, ես պարբերաբար հանդիպումներ եմ ունենում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ, իրենք են գալիս»։

Ինչ վերաբերում է հանրահավաքին իր ֆիզիկապես ներկա չլինելուն, նա նշել է․ «Հանրահավաքում ինձ չտեսաք, բայց իմ բոլոր հարազատներն ու ընտանիքն այնտեղ էին։ Հանրահավաքին չմասնակցելը չի նշանակում չաջակցել»։

Արցախի նախագահը նաև ընդգծել է, որ ՀՀ իշխանությունների կողմից ուղղակի ճնշման կամ սպառնալիքի չեն բախվել, սակայն որևէ կապ իշխանությունների հետ գոյություն չունի։

«Բռնի տեղահանումից հետո մինչև այսօր իշխանության ներկայացուցիչների հետ որևիցե առնչություն չունենք, եթե դուք դա համարում եք ճնշում, ուրեմն կա ճնշում։ Ես գտնում եմ, որ մեզ հետ պետք է հաշվի նստել։ Բոլոր սոցիալական խնդիրներն ունեն իրենց լուծումները, և մենք պատրաստ ենք լուծումների շրջանակում նաև աջակցել Հայաստանի կառավարությանը։ Այսպիսի պահվածքը, որ մենք զգում ենք մեզ օտար, սա անթույլատրելի է»,- եզրափակել է Շահրամանյանը։

Արցախի ներկայացուցիչության առջև հավաքված արցախցիները պահանջել են նախագահ Սամվել Շահրամանյանի միջամտությունը սոցիալական խնդիրների լուծման հարցում, ինչպես նաև դատախազության ներգրավմամբ վերականգնել այն գումարները, որոնք, իրենց պնդմամբ, հափշտակվել են Արցախի 48 ընտանիքների կողմից։ Խոսքը 467 միլիոն դոլարի մասին է: Նրանք վստահեցրին, որ այդ գումարները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է փոխանցել Արցախին։ Ակցիայի սկզբում Սամվել Շահրամանյանից նաև պահանջեցին գնալ դատախազություն և իմանալ, թե ինչ փուլում է 1.5 տարի առաջ հարուցված քրեական գործը։