Մայր Աթոռը դատապարտել է Վարշավայում «արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը

Մայր Աթոռը դատապարտել է Վարշավայում «արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը

PanARMENIAN.Net - Մայր Աթոռը դատապարտել է Վարշավայում «արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը։Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հարցերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրասենյակի հայտարարության մեջ ասված է

«2025 թվականի ապրիլի 8-ին Վարշավա քաղաքում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության, որն արտահայտությունն է ՀՀ նկատմամբ վերջինիս տարածքային նկրտումների և հայ ժողովրդի բազմադարյա հոգևոր և մշակութային ժառանգության յուրացման ձգտումների։

Խստագույնս դատապարտելի են Ադրբեջանի կողմից պատմությունը վերաշարադրելու գործողությունները, Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող հայկական բնակավայրերը, սրբավայրերն ու պատմամշակութային արժեքները «ադրբեջանական» կամ «ալբանական» ներկայացնելու փորձերը։

Նման մերժելի նախաձեռնությունները ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև չեզոքացնում են ժողովուրդների համերաշխության և խաղաղ գոյակցության միջավայրի ձևավորման բոլոր քայլերը։ Մշակույթը պետք է լինի կամուրջ ժողովուրդների միջև, ոչ թե քաղաքական շահախնդրության գործիք,–ասվում է հայտարարության մեջ։

Մայր Աթոռը նաև կոչ է արել միջազգային հանրությանն ու կազմակերպություններին, դիվանագիտական շրջանակներին և մշակութային կառույցներին հստակ գնահատական տալ պատմության ու մշակույթի նկատմամբ կատարվող այսպիսի կեղծարարություններին և խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի հանդեպ իրականացվող նմանօրինակ ոտնձգությունները։

Վերջին շրջանում Ադրբեջանը կտրուկ ավելացրել է իր հայատյաց քարոզչությունն և ոտնձգությունները հայկական մշակույթի և պատմական կոթողների նկատմամբ՝ հատկապես ակտիվ գործողություններ ծավալելով եվրոպական երկրներում։ Այդպիսի դրսևորումներից էր նաև Վատիկանի Սուրբ Աթոռին պատկանող Գրիգորյան պապական համալսարանում տեղի ունեցած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային «գիտաժողովը»։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են հայկական մի շարք սրբավայրեր՝ իբր աղվանական մշակույթի մաս, չնայած դրանք ունեն բազմադարյա հայկական ծագում ու արձանագրված պատմություն։ Նման հուշարձանների թվում են Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի վանական համալիրները։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---