19 ապրիլի 2025 - 11:51 AMT
Փաշինյանը գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել է Կիրանց՝ ներկայացրել սահմանազատման արդյունքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել է Կիրանց՝ «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով անցկացվող միջոցառման շրջանակում։

Այցի ընթացքում ներկայացվել են սահմանազատման ավարտից հետո կատարված աշխատանքները, իսկ մասնակիցները տեղում ծանոթացել են այդ փոփոխությունների արդյունքում համայնքում ձևավորված ենթակառուցվածքներին։

Աշխատաժողովի մասնակիցներն այցելել են Կիրանցի հիմնական դպրոց, որը կառուցվել է կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի միջոցով։ Նրանք նաև տեղում ծանոթացել են կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու՝ 19-րդ դարին վերաբերող պատմական շինության վերանորոգման գործընթացին։

Մասնակիցներին ներկայացվել է, որ Կիրանց համայնքում, պետական աջակցության 16 մլն դրամանոց ծրագրի շրջանակում, նախատեսվում է կառուցել մի քանի տասնյակ բնակելի տներ սահմանամերձ գյուղական բնակավայրերի բնակիչների համար։

ՀՀ և Ադրբեջանի սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։

Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: