19 ապրիլի 2025 - 13:48 AMT
Փաշինյան. Ովքեր ուզում են տեսնել, թե ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ովքեր ուզում են տեսնել, թե ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, պետք է գնան Կիրանց։ Նա ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել իր Կիրանց կատարած այցից։

Կից գրառման մեջ նա գրել է․ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։ Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։

Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 տուն կար, հիմա կառուցվում է ևս 43–ը։ Սա՛ է Իրական Հայաստանը։

Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց։ Ոչ թե լսել Կիրանցի մասին, այլ գնալ և տեսնել։ Մի անգամ տեսնելը հազար անգամ լսելուց լավ է»,–գրել է նա։

ՀՀ և Ադրբեջանի սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։

Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: