Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Սուրբ Զատկի տոնի առթիվ հանդես է եկել ուղերձով` նշելով, որ ապրում ենք դժվարին ժամանակներում՝ լի փորձություններով, ցավով ու կորստներով թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի համար։
«Աշխարհում տիրող անարդարությունը, անտարբերությունը, հանիրավի հալածանքները երբեմն հուսահատեցնող տրամադրություններ են ստեղծում կյանքում։ Սակայն մենք, որ Քրիստոսի հետևորդներն ենք, ունենք Հարության՝ հույս շնորհող լույսը մեր մեջ։ Եվ այդ լույսը անմար կերպով ցույց է տալիս, որ, ի վերջո, ինչպես մեր Տիրոջ գերեզմանն էր թափուր, այնպես էլ մեզ հողի մեջ թաղել փորձող հանգամանքներն են ապարդյուն դառնալու, եթե մենք հաստատուն ու հավատարիմ մնանք մեր հավատքին ու արժեքներին։
Թող Հարության լույսով լցված հավատքը զորացնի մեզ՝ ամրապնդելով հավատարմությունը մեր հոգևոր արժեքներին, ինչպես նաև՝ սերն ու հոգատար վերաբերմունքը միմյանց հանդեպ։ Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք հասնել նույնիսկ անհասանելի թվացող նպատակների իրականացման։ Այդ ուղով՝ Տիրոջ զորակցությամբ, մենք կվերադարձնենք մեր հայրենիքը՝ Արցախ աշխարհը»,–ասել է նա։
Նա հավելել է, որ եթե մենք իսկապես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նշանակում է՝ վստահում ենք նաև, որ Նրա օգնությամբ հնարավոր է հաղթահարել բոլոր փորձությունները, և որ մեր Տերը՝ Արդար դատավորը, անպատասխան չի թողնի հավատացյալների աղոթքներն ու Նրա կամքը կատարելու ձգտումները։
«Թող այսօր, երբ մեր բոլորի աղոթքները ուղղված են հայրենիքին և մեր երեխաներին, հիշենք նաև այն հայորդիներին, ովքեր գտնվում են գերության մեջ և զրկված են հարազատների կողքին Հարության տոնը նշելու հնարավորությունից։ Թող Աստված հնարավորինս շուտ պարգևի նրանց ազատություն, քանի որ նրանք մարմնավորում են մեր հավաքական ցավը իրենց անձերով։
Ամրացե՛ք ոգով և հավատացեք, որ Հարության հավատով զինված ժողովրդի դեմ մահվան խայթոցն իսկ անզոր է»,- նշված է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պատգամում։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։