21 ապրիլի 2025 - 11:38 AMT
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով․ Սպասվում են կարճատև տեղումներ

Հայաստանի տարածքում ապրիլի ապրիլի 21-25-ն ընկած ժամանակահատվածում որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Քամու ուղղությունը կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն ապրիլի 21-25-ը որոշ վայրերում հնարավոր են քամու ուժգնացումներ՝ մինչև 14-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանը ապրիլի 21-22-ին, աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում ապրիլի 21-25-ը, կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 21–ին և առաջիկա օրերին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +24 աստիճան։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Եվրոպական եղանակային կանխատեսումների կենտրոնի (ECMWF) կողմից տրամադրված առաջիկա երկու շաբաթների ջերմաստիճանի և տեղումների վերաբերյալ որակական կանխատեսումները՝ ըստ շաբաթների։

Ըստ տվյալ կանխատեսման՝ ապրիլի 21-28-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը նախատեսվում է նորմայից բարձր՝ 3-6 աստիճանով, իսկ ապրիլի 28-ից մայիսի 5-ը կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-3 աստիճան, սակայն կենտրոնական շրջաններում այդ աճը կարող է կազմել մինչև 3-6 աստիճան։

Նույն ժամանակահատվածում՝ ապրիլի 21-28-ին, հյուսիսային և կենտրոնական շրջաններում տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից բարձր՝ 10-30 տոկոսով, իսկ մյուս հատվածներում՝ նորմայից ցածր։

Ըստ կանխատեսման, ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ տարածքը արդեն կհայտնվի բացասական անոմալիայի գոտում, ինչը ենթադրում է նվազ տեղումներ նորմայի համեմատ։