21 ապրիլի 2025 - 12:12 AMT
Ավինյանը՝ ձերբակալությունների մասին. Ինչքա՞ն պետք է նման գործողություններ լինեն, որ խաղի կանոնները հասկանանք

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության, անդրադառնալով վերջին ձերբակալություններին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում, ընդգծել է, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի համար միայն մեկ-երկու գործողություն չի բավականացնում․ համակարգային լուծումների կարիք կա։

«Պարոն Մկրտչյան, ունենք ձերբակալություններ, լավ առիթ է արձանագրել, որ կոռուպցիոն դրսևորումները մեզ համար անընդունելի են: Եվ այս մակարդակում ինչքան պետք է այս գործողությունները տեղի ունենան, որպեսզի, ընդհանուր առմամբ, մենք այս խաղի կանոնները հասկանանք»,- ասել է նա՝ դիմելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին, հայտնում է «Առավոտը»։

«Պետք է ցավով նշեմ, որ տարածվեցին լուսանկարներ, որոնք կարող էին ապակողմնորոշել հանրությանը, տպավորությունն այնպիսին էր, որ կարծես ինձ են ձերբակալել: Իմ և ԱԱԾ ծառայողի լուսանկարները կամ նյութերը այնպիսի դասավորություն ունեին, որ պիտի ապակողմնորոշեին մեր հանրությանը, իսկ դեպքի մասով նշեմ, որ դեպքը տեղի չի ունեցել վարչական շենքում և իմ ներկայությամբ… Եթե չեմ սխալվում, այս պահին մեր աշխատակիցներից մեկ հոգի տնային կալանքի մեջ է, նախաքննությունը շարունակվում է, որևէ այլ բան չեմ կարող ասել, կարող եմ փաստել և վերահաստատել մեր դիրքորոշումը, որ համայնքային, պետական բյուջեից մեկ լումա անգամ գողանալը, մեղմ ասած սրիկայություն է»,-ասել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

Ավինյանը հայտարարել է, որ երբեմն գայթակղությունն այն աստիճան ուժեղ է լինում, որ անհապաղ պետք է մտածել ամբողջ համակարգը բարեփոխելու մասին, որպեսզի բացառվեն նման երևույթները։

իսկ Ռազմիկ Մկրտչյանն արձագանքել է հետևյալ կերպ. «Համակարգն այնպիսին է, որ արկածախնդրություն է նման քայլի գնալը, հատկապես որ Շենգավիթ վարչական շրջանում ամիսը մեկ անգամ ֆիլտրացիա ենք անում»:

Ապրիլի լույս 20–ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում իրավապահները գործողություններ են իրականացրել։ Աշխատակիցներ են ձերբակալվել։ Այդ տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից: