Բալաևա. Աստանան հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի հետ կապերի զարգացմանը

Բալաևա. Աստանան հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի հետ կապերի զարգացմանը

PanARMENIAN.Net - Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան, անդրադառնալով հայ-ղազախական միջմշակութային կապերին, ասել է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև ձևավորված համագործակցությունը, հաշվի առնելով երկրների պատմական կապերն ու մշակութային ընդհանրությունները, ինչպես նաև երկուստեք քաղաքական կամքը՝ հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ, ունի զգալի զարգացման պոտենցիալ։

Նա խոսել է հայ-ղազախական միջմշակութային կապերի ներկա մակարդակի, ոլորտային համագործակցության ընթացիկ միտումների և ապագա հնարավորությունների մասին, հայտնում է Արմենպրեսը։

Աիդա Բալաևան ընդգծել է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերություններն այսօր ակտիվորեն խորանում են, ինչն ըստ նրա՝ պայմանավորված է երկու երկրների ղեկավարների հետևողական ջանքերով՝ ժողովուրդների միջև կապերը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։ Հարցազրույցը կայացել է ապրիլի 16-ին։

«Ղազախստանը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, որոնք սերտորեն զարգանում են փոխադարձ հիմունքներով։ Վերջին տարիների մշակութային իրադարձությունները, ինչպիսիք են «Ղազախական գրականության անթոլոգիան» հայերեն գրքի շնորհանդեսը, «Աբայ-175» ժողովածուի շնորհանդեսը, ղազախական հեքիաթների թարգմանությունը հայերեն և ղփչաղերեն հայագիտական ​​գրավոր հուշարձանների թեմայով միջազգային գիտաժողովները վկայում են մեր մշակութային պահպանման և փոխադարձ խթանման նկատմամբ երկու երկրների խորը հետաքրքրության մասին»,–ասել է նա։

Անդրադառնալով Հայաստան իր այցի նպատակին՝ նա ասել է․ «Մշակութային օրերի փոխադարձ անցկացումը բարի ավանդույթ է դառնում մեր երկրների միջև փոխգործակցության մեջ։ Անցյալ տարի Ղազախստանում հաջողությամբ անցկացվեցին Հայաստանի մշակույթի օրերը։ Ղազախ հանդիսատեսն ուրախ էր ծանոթանալ հայկական մշակույթին՝ ֆիլմերի դիտմամբ, ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված ֆոտոցուցահանդես այցելելով և ստեղծագործական խմբերի մասնակցությամբ գալա համերգին։ Այս անգամ մենք եկել ենք պատասխան այցով՝ ապրիլի 18-19-ը Երևանում կանցկացվեն Ղազախական մշակույթի օրեր»։

Նա նշել է, որ «Ղազախական մշակույթի օրերի շրջանակներում նախատեսվում է անցկացնել Ղազախական կինոյի օրեր։

«Բացի այդ, մենք կմասնակցենք նաև Երևանում ղազախ մեծ բանաստեղծ և մտածող Աբայ Կունանբաևի անվան այգու հանդիսավոր բացմանը։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ղազախ ժողովրդի անունից երախտագիտության ամենաջերմ խոսքերը հայտնել Հայաստանի ղեկավարությանը և բոլոր ներգրավվածներին՝ Աբայի հիշատակի հանդեպ հարգանքի նման մեծ ժեստի համար։ Մշակութային ծրագիրը կեզրափակվի գալա համերգով, որին կմասնակցեն ղազախական էստրադայի առաջատար մենակատարներ և խմբեր»,–ասել է նա։

Ղազախ նախարարը հավելել է, որ ղազախ-հայկական հարաբերություններն ամուր բարեկամության վառ օրինակ են, որի հիմքը մշակութային և հումանիտար սերտ փոխգործակցությունն է։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---