21 ապրիլի 2025 - 17:21 AMT
Կոնդ թաղամասի վերակառուցման մրցույթը կրկին արդյունք չի տվել

Երևանի Կոնդ թաղամասի վերակառուցման հայեցակարգի նախագծման մրցույթի երկրորդ փուլում ևս հաղթող չի ընտրվել։ Այս մասին Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանն ասել է քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։

Նրա խոսքով՝ չի արձանագրվել մի հայեցակարգ, որ ամբողջությամբ կբավարարեր հանձնաժողովի ներկայացրած պահանջներին, հայտնում է «Փաստինֆոն»։

Մրցույթն իրականացվում է քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ, իսկ Սոնա Թևանյանի փոխանցմամբ՝ ներկայումս ձեռնարկվում են քայլեր նոր մոտեցմամբ մրցույթ կազմակերպելու ուղղությամբ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ այս գործընթացը մեկնարկել է դեռևս 4 տարի առաջ, երբ ինքը զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ ակնկալվում էր մրցույթը եզրափակել մեկ տարվա ընթացքում, սակայն չորս տարի անց գործընթացը դեռևս ավարտին չի հասցվել։ Նա նշել է, որ չի ցանկանում որևէ մեկին մեղադրել, բայց ընդգծել է, որ առկա են արժեքավոր գաղափարներ, և կոչ է արել շարունակել աշխատանքները։