Հռոմեական հին արարողակարգի համաձայն՝ պապի մահից հետո սկսվում է իննօրյա սգի շրջան։ Այս ժամանակահատվածում, որպես կանոն, Իտալիան նույնպես հայտարարում է ազգային սուգ։
Մահվանից հետո պապի մարմինն օրհնվում է, նրան պապական զգեստներ են հագցնում, և նրա մարմինը դրվում է Սուրբ Պետրոսի տաճարում, որպեսզի մարդիկ այցելեն տաճար և հրաժեշտ տան պապին, հայտնում է ՍիվիլՆեթը։
Նախկինում պապի դիակը ցուցադրվում էր բարձր հարթակի վրա, որը կոչվում էր կատաֆալկ, բայց Ֆրանցիսկոս պապն իր հուղարկավորության համար ավելի պարզ ծես է ցանկացել։ Ըստ նրա ցանկության, նրան կպառկեցնեն բաց դագաղի մեջ՝ առանց ավելորդ շքեղությունների։
Անցյալում պապերի մարմինները հաճախ զմռսվել են, իսկ որոշ դեպքերում՝ ներքին օրգանները հանվել հուղարկավորությունից առաջ։ Հռոմի Տրևի շատրվանի մոտ գտնվող եկեղեցին ավելի քան 20 պապերի սրտեր է պահում մարմարե սափորներում, որոնք պահպանվել են որպես սուրբ մասունքներ:
Ֆրանցիսկոս պապի մահից հետո Վատիկանը կմտնի անցումային շրջան, որն անվանվում է «աթոռը թափուր է»։ Այդ ժամանակահատվածում եկեղեցու գործառույթները ժամանակավորապես կվերահսկի Կարդինալների քոլեջը, սակայն նոր պապի ընտրությունից առաջ ոչ մի կարևոր որոշում չի կարող ընդունվել։
Ֆրանցիսկոս պապը բացահայտել է, որ իբրև իր վերջին հանգրվան, ընտրել է Սանտա Մարիա Մաջիորե բազիլիկան՝ դառնալով առաջին պապը հարյուր տարվա ընթացքում, ով չի թաղվելու Վատիկանի ներսում։
Վերջին հարյուր տարվա ընթացքում, ըստ ձևավորված ավանդույթի, պապերը հանգչել են Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի ներքևում գտնվող դամբարաններում, որտեղ ամփոփված են մոտ 100 պապեր։ Նրանց թվում է նաև Հռոմի Բենեդիկտոս XVI պապը, Ֆրանցիսկոսի նախորդը, որը հրաժարական է տվել 2013 թվականին և վախճանվել 2022-ին։
Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունից մոտ երկու-երեք շաբաթ անց նախատեսվում է Սիքստինյան կապելայում գումարել կարդինալների քոլեջը՝ կազմակերպելու նոր պապի ընտրության փակ գործընթացը՝ կոնկլավը։
Պատմության ընթացքում ընտրված 266 պապերից մեծամասնությունը եղել են եվրոպական երկրներից։ Սակայն Ֆրանցիսկոսը, որը ծնունդով Արգենտինայից է, վերջին 1300 տարում առաջին պապն է, ով եվրոպացի չէ։
Հռոմի պապի հավակնորդները բացահայտ չեն հանդես գալիս քարոզչությամբ կամ պաշտոնի հանդեպ հավակնություններով։
Քվեարկությանը կարող են մասնակցել միայն այն կարդինալները, ովքեր չեն գերազանցել 80 տարեկանը։ Սովորաբար մոտ 120 կարդինալ գաղտնի քվեարկում են՝ իրենց նախընտրած թեկնածուի անունը գրելով թղթի վրա և այն գցելով Սիքստինյան կապելայում զոհասեղանի վրա դրված բաժակի մեջ։
Եթե ոչ մի թեկնածու չի հավաքում երկու երրորդ ձայները, քվեարկությունը շարունակվում է։ Օրական կարող է անցկացվել մինչև չորս քվեարկություն։ 2013-ին Ֆրանցիսկոսի ընտրությամբ կոնկլավը տևել է մոտ մեկ օր, սակայն այդ գործընթացը երբեմն կարող է զգալիորեն երկարել։
Օրինակ՝ 13-րդ դարում կոնկլավը ձգվել է գրեթե երեք տարի, իսկ 18-րդ դարում մեկ այլ կոնկլավ տևել է չորս ամիս։
Քվեարկությունից հետո բոլոր քվեաթերթիկները այրվում են Սիքստինյան կապելլայի հատուկ վառարանում։ Երկրորդ վառարանը ապահովում է քիմիական նյութի այրում, որի ծուխը դուրս է գալիս ծխնելույզից։ Եթե ծուխը սև է՝ նշանակում է պապ դեռ չի ընտրվել, իսկ սպիտակ ծուխը վկայում է նոր պապի ընտրության մասին։
Նոր պապի ընտրությունից հետո Կարդինալների քոլեջի ներկայացուցիչը Սուրբ Պետրոսի տաճարի գլխավոր պատշգամբից կարդում է լատիներեն «Habemus papam» հայտարարությունը, որը թարգմանվում է՝ «Մենք պապ ունենք»։
Այնուհետև նոր պապը, ընտրելով իր պապական անունը՝ սովորաբար ի պատիվ սրբի կամ նախկին պապի, հագնում է սպիտակ հանդերձանքը և դուրս գալիս պատշգամբ՝ իր առաջին ուղերձը հղելու հանրությանը։ Այդ պահից կաթոլիկ աշխարհը ձեռք է բերում նոր հոգևոր առաջնորդ։
Ապրիլի 21–ի 88 տարեկանում մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։