Պռոշյանցիներն ու քասախցիները կրկին դուրս են եկել բողոքի՝ պահանջում են վերականգնել ավտոբուսների երթուղիները

Պռոշյանցիներն ու քասախցիները կրկին դուրս են եկել բողոքի՝ պահանջում են վերականգնել ավտոբուսների երթուղիները

PanARMENIAN.Net - Պռոշյանի և Քասախի համայնքների բնակիչներն արդեն երկրորդ անգամ դուրս են եկել բողոքելու։ Նրանք պահանջել են, որպեսզի համար 25 և 59 երթուղիները սպասարկող ավտոբուսները շարունակեն ճանապարհը մինչև իրենց բնակավայրեր։

Բողոքի դուրս եկած մարդիկ նաև պահանջել են, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն իրենց հետ հանդիպման գա, հակառակ դեպքում պատրաստ են կրկին փակել Աշտարակ-Երևան մայրուղին, հայտնում է Sputnik Արմենիան։

Քասախի ու Պռոշյանի բնակիչները նախապես հայտարարել էին, որ պատրաստվում են ճանապարհ փակել, ուստի ոստիկանական մեծ ուժեր են բերվել այնտեղ։

«Իշխանությունները հայտարարում են, որ իրենք Ժողովրդավար են, բայց դա այդպես չէ։ Մտել են մեր գրպանները և թալանում են մեզ։ Կան ընտանիքներ, որտեղ 3-4 ուսանող կա, ո՞նց են տեղ հասնելու», - ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հրապարակել է պարզաբանում, որը վերաբերում է Քասախ համայնքի ուղևորափոխադրման խնդրին։

«Հայտնում ենք, որ միասնական երթուղային ցանցի բարեփոխման ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Քասախ և Պռոշյան բնակավայրերի բնակիչների կողմից Երևան համայնքը սպասարկող տրանսպորտի՝ իր վարչական տարածք hետ քաշման և բնակավայրեր միջմարզային տրանսպորտի մուտք գործելու հարցի առնչությամբ բողոքի բարձրաձայնումից ի վեր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից բազմաթիվ հանդիպումների և քննարկումների արդյունքում առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ»,-ասվում է հայտարարության մեջ։

Ըստ նախարարության՝ քաղաքացիների բարձրացրած հարցերին արձագանքելու նպատակով ներկայացվել են մի շարք կոնկրետ քայլեր։

Մասնավորապես ներկայացվել են հետևյալ առաջարկները՝

  1. Պռոշյան-Երևան երթուղու փոխադրավարձը սահմանվել է 200 դրամ՝ նախկին 250-ի փոխարեն։
  2. Քասախ-Երևան երթուղու ուղեվարձը նվազեցվել է 150 դրամի՝ նախորդ 200-ի փոխարեն։
  3. Ավելացվել է երթուղիների քանակը՝ ըստ հաստատված ժամանակացույցի։
  4. Տրվել է հնարավորություն՝ Երևան մուտք գործել միջպետական ճանապարհից, որը սահմանակից է տվյալ բնակավայրերին։
  5. Ընդլայնվել է երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցների թիվը։
  6. Փոփոխություն է կատարվել Երևանում երթուղու վերջնակետի ընտրության հարցում։

«Նշված առաջարկներից ու ձեռնարկված քայլերից հետո որոշ բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելն ու անհնազանդության գործողությունները գնահատում ենք որպես ապակառուցողական, ինչը վտանգում է տրանսպորտային բարեփոխման շարունակականությունը, խնդիրներ է առաջացնում Երևան համայնքին սահմանակից այն բնակավայրերի բնակիչների համար, որտեղ գործում է միջմարզային տրանսպորտը։

Հնչող պահանջները չեն տեղավորվում նաև գործող օրենսդրության շրջանակներում»:

Ապրիլի 5-ին պռոշյանցիներն ու քասախցիները փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը՝ պահանջելով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վերացնի այն որոշումը, ըստ որի Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումն իրականացվելու է «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող 277 համարի միկրոավտոբուսներով՝ 200 դրամ վճարով։ Մինչ այդ երթուղին սպասարկվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող 25 համարի ավտոբուսով, որը երթևեկել է Պռոշյան-Ավան-Զեյթուն ուղղությամբ։

Ապրիլի 9-ին Քասախի ու Պռոշյանի բնակիչները հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ։ Վերջիններս հայտնել են, որ այդ երթուղիները շուտով կդադարեցվեն։ Ապրիլի 10-ին բնակիչները կրկին փակել են Երևան-Աշտարակ մայրուղին՝ պնդելով, թե չեն պատրաստվում նահանջել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---