Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկել է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի առաջարկած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ որոշ փոփոխություններ են արվել նախագծի մեջ: Նախագծով առաջարկվում է հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետների փոփոխություն, հայտնում է 1lurer.am-ը։
Նրա խոսքով՝ քանի որ համաքաղաքացիների մոտ թյուրընկալում է ձևավորվել, թե նախագիծն ում է վերաբերում, կփորձի ևս մեկ անգամ պարզաբանել՝ ինչի մասին է խոսքը:
«Նախագծի ընդունման արդյունքում բոլոր այն քաղաքացիները, որոնք հայտարարագիր են լրացնում այս տարի՝ նախորդ տարվա եկամուտների համար, բոլորն անխտիր, խոսքը վերաբերում է ֆիզիկական անձանց, իրենց համար վերջնաժամկետ է դառնում նոյեմբերի 1-ը: Կապ չունի՝ մարդն առաջին անգամ է լրացնում, թե երկրորդ, նրանց բոլորի համար վերջնաժամկետ է դառնում նոյեմբերի 1-ը:
Նույնկերպ, ովքեր այս տարվա եկամուտների համար հայտարարագիրը լրացնելու են հաջորդ տարի, իրենց համար նույնպես վերջնաժամկետ է դառնում նոյեմբերի 1-ը: Սկզբնաժամկետ է դառնում մարտի 2-ը: Ընդհանրապես, դրանից հետո հայտարարագրերի ներկայացման ժամկետ դառնում է մարտի 2-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածը»,–ասել է նա:
Թունյանը նշել է, որ այս ժամկետները սահմանվել են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային մարմիններին որոշ տվյալներ հասանելի են դառնում միայն մարտի 1-ից հետո։
Նա հավելել է նաև, որ ներկայացված տեղեկատվությունը չի սահմանափակվելու միայն այս կարգավորումներով։
«Առաջիկայում չեմ բացառում, որ ևս մեկ փոփոխություն կանենք՝ մինչև տարեվերջ փորձելով շտկել բոլոր այն տարընթերցումների տեղիք տվող դրույթները, ավելի պարզեցնել այս կարգավորումները և որոշակի լուծումներ առաջարկել նաև կենսաթոշակառուների մասով»,- հայտնել է Թունյանը։
Եզրափակիչ խոսքում պատգամավորը դիմել է գործընկերներին՝ կոչ անելով քվեարկել նախաձեռնության օգտին, որպեսզի այն ուժի մեջ մտնի մինչև մայիսի 1-ը։
ՀՀ բոլոր վարձու աշխատողները նոյեմբերի 1–ից պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրած անձը, հաշվետու տարվա ընթացքում իր կամ իր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով սոցիալական ծախսեր անելու դեպքում, կարող է օգտվել սոցծախսի փոխհատուցման հնարավորությունից։