Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը ծանոթացել է ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքներին Խոզնավար, Խնածախ և Արավուս համայնքներում։ Այդ մասին ասվում է X–ի հարթակում։
Ըստ գրառման՝ «կրակոցները, հնարավոր է, արձակվել են տեղանքում առկա ադրբեջանական դիրքերից»։
«Զատկի հանգստյան օրերին Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը 27 ցերեկային և գիշերային պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում՝ ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերը։
Խոզնավարում ԵՄ դիտորդական առաքելությունը տեսել է քաղաքացիական շինությունները վնասած երկու կրակոցների հետևանքները, որոնք, հնարավոր է, արձակվել են տեղանքում առկա ադրբեջանական դիրքերից»,–ասվում է գրառման մեջ։
Ապրիլի 20-ի գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավար գյուղի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչը։
Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։