22 ապրիլի 2025 - 14:47 AMT
Մանուկյանն ԱԺ–ում հիշերցել է Կոնջորյանին նրա ՀԺԱՄ անդամ լինելը, վերջինս էլ ասել, թե ՀՅԴ–ն ամեն ինչ «թյուրիմացաբար» է անում

ԱԺ–ում փոխադարձ մեղադրանքներ են հնչել՝ վիճաբանել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և ՔՊ–ական Հայկ Կոնջորյանը։

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն արձագանքել է նախորդ շաբաթ Դաշնակցության և դաշնակցական պատգամավորների հասցեին հնչեցված մեղադրանքներին՝ ընդգծելով, որ ինքը չի կարող անտեսել այդ խոսքերը։

Նա իր ելույթում նշել է․ «Կյանքն ինչ հետաքրքիր բան է. ամբողջ կյանքում Դաշնակցության քո զինակից ընկերների հետ պայքարես հանուն արդարության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Էրդողանի մոտ քո ժողովրդի պահանջները ներկայացնես, հայ–թուրքական հաշտեցման հանձնաժողովում պայքարես այդ ամենի դեմ, Գյուլի այցի դեմ դաշնակցական շարքերով պայքար մղես, հացադուլ անես, լինես միակ հեռուստաընկերությունը, որը խոսում էր ֆուտբոլային դիվանագիտության դեմ, որն ահազանգել էր Ծիծեռնակաբերդի լույսերն անջատելու փաստի, ֆուտբոլիստներ մարզաշապիկների վրայից Արարատի բացակայության մասին, որը հետագայում հայտարարեցին, որ թյուրիմացաբար է անհետացել, ու գան այստեղ ու քեզ մեղադրեն այդ ամենի մեջ։ Լավ էլի», հայտնում է Aysor.am-ը։

Ընդ որում, մեղադրողը ոչ թե ՔՊ խմբակցության ղեկավարը կամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամներից մեկն է, այլ 2010-2011 թվականներին այդ ժամանակվա իշխանությունների մոլի պաշտպան՝ ՀԺԱՄ կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«ՀԺԱՄ կուսակցությունը բոլորին հայտնի էր որպես այն ժամանակվա իշխանության խոշոր գործարարներից մեկի՝ Բարսեղ Բեգլարյանի հովանավորչությունը վայելող կառույց»,- նշել է Մանուկյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ եթե նույնիսկ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը չլիներ, պետք կլիներ նրան հորինել, որպեսզի նման ելույթներ հնչեցներ խորհրդարանում։

«Ասում է՝ «Արարատը Հայաստանի հավաքականի մարզաշապիկից թյուրիմացաբար է անհետացել»։ Ո՞նց կարող է, դուք այդքան նսեմացրել ու նսեմացնում եք Արարատը, որ համարել եք, որ Արարատը կարելի է թյուրիմացաբար դուրս թողնել Հայաստանի հավաքականի մարզաշապիկից, հիմա մե՞նք ենք Արարատն ուրանում, թե՞ դուք»,- նշել է Կոնջորյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նաև նկատել է, որ Մանուկյանը սովորություն ունի յուրաքանչյուր ելույթից հետո դուրս գալ ծխելու։

«Ձեր ելույթները, փաստորեն, Ձեզ էլ են ծխեցնում»,- ասել է ՔՊ խմբակցության ղեկավարը։

Կոնջորյանը քննադատության է ենթարկել Մանուկյանի խոսքերը՝ հիշեցնելով Դաշնակցության նախկին կոալիցիոն դաշինքները, որոնք նույնպես, ըստ նրա, ներկայացվում են որպես թյուրիմացություն։

«Թյուրիմացաբար, երևի, Դաշնակցությունը կոալիցիայի մեջ է մտել երիտթուրքերի հետ։ Թյուրիմացաբար կոալիցիայի մեջ մտաք ՀՀԿ-ի հետ, հետո դուրս եկաք ու էլի թյուրիմացաբար հետ մտաք, ամեն ինչ թյուրիմացաբա՞ր է եղել»,- շարունակել է Կոնջորյանը։

Եզրափակելով իր խոսքը՝ նա հորդորել է ընդդիմադիր պատգամավորին հաջորդ անգամ առավել ազդեցիկ բան ասել․ «Մի խելացի բան ասեք»։