Սահակյան․ Բաքուն օգտագործելու է շինծու դատավարությունների ցուցմունքները՝ ՀՀ դեմ մեղադրանքներ առաջ քաշելու համար![]() 22 ապրիլի 2025 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը «Ատելության խոսքը Ադրբեջանում. հայատյաց հռետորաբանության դրսևորումներն ու նպատակները» թեմայով զեկույցի ներկայացման ու պանելային քննարկման ժամանակ ասել է, որ Հայաստանը մնում է ագրեսիայի թիրախ, սակայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը այդ հանցագործության մասով դեռևս չի ճանաչել։ Նա նաև զգուշացրել է, որ Բաքուն օգտագործելու է շինծու դատավարությունների ցուցմունքները՝ ՀՀ դեմ մեղադրանքներ առաջ քաշելու համար, հայտնում է Aravot.am-ը։ «Ինչո՞ւ ենք մենք նշում, որ Բաքվում ընթացող շինծու դատավարությունները ՀՀ դեմ են։ Մեկ պարզ պատճառով, որ այս «դատավարությունների» ընթացքում Ադրբեջանը փորձում է ցուցադրել, որ Արցախը որպես կենսունակ., ինքնավարության բարձր աստիճան ունեցող միավոր գոյություն չի ունեցել։ Եվ փորձում է ցույց տալ, որ Արցախի վարչակազմն արհեստականորեն ներմուծվել է ՀՀ կողմից՝ «ադրբեջանական տարածքների զավթումն իրականացնելու և այնտեղ վերահսկողություն ունենալու» նպատակով»,- ասել է Սահակյանը։ Իրավապաշտպանը ընդգծել է, որ նախորդ տարիներին, երբ հակամարտության կարգավորման ուղիներ են որոնվել, առաջացել է հարց՝ արդյոք Արցախի անկախության հռչակումը պայմանավորված է եղել ազգերի ինքնորոշման իրավունքով, թե՞ այն կարելի է դիտարկել որպես տարածքային ամբողջականության սկզբունքի խախտում, երբ «երրորդ պետությունը զավթել է ադրբեջանական տարածք»։ Նրա խոսքով՝ այս իրավական եզրագիծն ունի բացառիկ նշանակություն։ Տվյալ գնահատականից է կախված՝ արդյոք միջազգային հանրությունը կճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը, որը Ադրբեջանը ճնշել է, թե՞ կընկալվի որպես Հայաստանի կողմից «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտում»՝ համապատասխան պատասխանատվությամբ։ Իրավապաշտպանը նշել է, որ մինչ այժմ Ադրբեջանը փաստեր չի կարողացել ներկայացնել, սակայն նման պնդումները մշտապես շրջանառվել են և մնում են քաղաքական օրակարգում։ Ներկայումս, Սահակյանի համոզմամբ, Բաքվի ընթացիկ դատավարությունները ծառայում են այդ փաստարկները կառուցելու նպատակին։ «Օրինակ՝ պետք է հասկանանք՝ ինչո՞ւ են պարտադրում որոշ ղեկավարների ասել, որ իրենք ցուցումները ստացել են ՀՀ-ից, որ իրենք ինքնուրույն որոշում չեն կայացրել։ Սրա նպատակն այն է, որ ցույց տան, որ բոլոր մակարդակի որոշումները համաձայնեցրել են ՀՀ ղեկավարության հետ, և ՀՀ-ն ոչ թե պաշտպանել է Արցախի ինքնորոշման իրավունքը, այլ իր վարչակազմի միջոցով «զավթել է» Արցախի տարածքը։ Նման ապացույցները, համոզված եմ, օգտագործվելու են միջազգային գործընթացներում։ Օրինակ՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայց ունի միջազգային արբիտրաժային դատարանում։ Այս ցուցմունքների միջոցով իրենք բերելու ու հիմնավորելու են, որ Արցախում տնտեսական գործունեություն է ծավալել Հայաստանը։ Սա շատ վտանգավոր է, և ՀՀ-ն պետք է կարողանա հակազդել այս կեղծ թեզերին»,- ասել է նա։ Սահակյանը նշել է, որ Հայաստանը ոչ բոլոր իրավական հարթակներից է պատշաճ օգտվում։ «Մենք վավերացրել ենք Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի ստատուտը,բայց հետաքրքրական է, որ ճանաչել ենք դատարանի իրավազորությունը ոչ թե բոլոր հանցագործությունների, այլ երեք հանցագործությունների նկատմամբ, որոնք են մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական հանցագործությունը և ցեղասպանությունը։ Բայց Միջազգային քրեական դատարանն իր ստատուտով նաև սանկցավորում է ագրեսիան։ Հայաստանի Հանրապետությունը հենց ադրբեջանական ագրեսիայի զոհ է, բայց ագրեսիայի իրավազորությունը ճանաչելու նպատակով պետք է լրացուցիչ փոփոխություններ ստորագրվեն ու վավերացվեն։ Եվ ՀՀ-ն այդ լրացուցիչ փաստաթղթերը չի ստորագրում ու վավերացնում, ինչը նշանակում է, որ իր երկրի տարածքում կատարված ագրեսիվ պատերազմի հարցը չի վերապահում Միջազգային քրեական դատարանին։ Այստեղ հարց է առաջնում՝ եթե 2021 թվականից ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, առաջխաղացել են, 2022 թվականին կատարել են նոր հանցագործություններ, և մենք մշտապես գտնվում ենք այդ սպառնալիքի ներքո, ինչո՞ւ ՀՀ-ն չի մեծացնում իր տարածքների և հայերի պաշտպանությունը, ինչո՞ւ քայլեր չի անում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը նաև ագրեսիայի համար ճանաչելու նպատակով։ Կարծում եմ՝ պատճառը բացառապես քաղաքական է»,- ասել է նա։ 2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |