ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրբ Աթոռի Կարդինալների Ժողովի դեկան Կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեին՝ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ։
«Ձերդ Վսեմություն, Սրտի խորը կսկիծով ստացա Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վախճանի գույժը: Իմ և Հայաստանի ժողովրդի անունից ընդունեք, խնդրեմ, մեր խորին ցավակցությունները: Անգնահատելի է Նորին Սրբության ակնառու առաջնորդությունն ու ջանքերը՝ ի նպաստ խաղաղության հաստատման, համամարդկային արժեքների տարածման, ժողովուրդների միջև համերաշխության հաստատման, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության:
Ֆրանցիսկոս պապը բոլորիս հուշերում կմնա որպես գթասրտության և մարդասիրական գաղափարների առաջամարտիկ, ում մշտական ուշադրություն ներքո էր նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցը:
Խորապես կիսում ենք ամբողջ աշխարհի հավատացյալների վիշտը այս մեծ կորստի կապակցությամբ»,–ասվում է հեռագրում։
Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը կայանալու է ապրիլի 26-ին։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նախատեսում է մասնակցել Հռոմի պապի Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը։
Կաթոլիկ եկեղեցու 266-րդ գահակալն իր կտակում հորդորել է, որպեսզի հուղարկավորությունն անցկացվի համեստ և պարզեցված ձևով։ Տարբեր երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Բրազիլիայի և Արգենտինայի ղեկավարները, արդեն հայտնել են իրենց մասնակցության ցանկության մասին՝ Վատիկանում ներկա գտնվելու սրբազան պապի վերջին հրաժեշտի արարողությանը։