23 ապրիլի 2025 - 12:02 AMT
Մամիջանյան․ Մի փորձեք մեզ վերագրել դավաճանի և ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը՝ այդ «տիտղոսները» հավերժ ձերն են

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱԺ պատգտամավոր Վահագն Ալեքսանյանն Ազգային ժողովի ամբիոնից հերթական անգամ խեղաթյուրել է փաստերը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և այն ժամանակվա ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցին։

Մամիջանյանը հրապարակել է ԱՄՆ դեսպանատան կողմից 2010 թվականին տարածված պաշտոնական հերքումը՝ նշելով․ «Մի փորձեք մեզ վերագրել դավաճանի և ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը՝ այդ «տիտղոսները» հավերժ ձերն են»

«Տեղադրում եմ դեռեւս 2010 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հերքումը. «Նախագահ Սարգսյանը չի խոսել նախագահ Օբամայի ապրիլ 24-յան ուղերձի բովանդակության մասին և չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձեւի դիտարկումը: Ընդհակառակը, փոխնախագահ Բայդենի եւ նախագահ Սարգսյանի միջևւ խոսակցությունները, որոնց վերջերս անդրադարձել է փոխնախագահ Բայդենը, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար անհետաձգելի քայլեր կատարելու անհրաժեշտության մասին էին: Երկու ղեկավարները համաձայնել են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»:

Սա էլ հեռախոսազրույցների բովանդակության մասին.

«ԱՄՆ փոխնախագահը և նախագահ Սարգսյանը 2009թ. ապրիլին երկու անգամ խոսել են: Այս խոսակցությունների ընթացքում փոխնախագահն ասել է նախագահ Սարգսյանին, որ Միացյալ Նահանգները հավատում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը ճանապարհ կհարթեն Հայաստանի ավելի լավ ապագայի համար և հայտնել է Միացյալ Նահանգների աջակցությունը նրա առաջնորդության համար: Փոխնախագահը հայտնել է Օբամայի վարչակազմի աջակցությունը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ հայ-թուրքական համատեղ հայտարարության մասին Շվեյցարիայի առաջարկին»:

Մի փորձեք մեզ վերագրել դավաճանի եւ ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը՝ այդ «տիտղոսները» հավերժ ձերն են։ Ձեզ մեկ է Մելիք Ֆրանգյուլի «փառքը» հանգիստ չի տալիս»,–գրել է նա։