ԱՄՆ դատարանը մերժել է ադրբեջանցի փաստաբանի 500 մլն դոլարի անհիմն հայցը ANCA-ի և այլոց դեմ

ԱՄՆ դատարանը մերժել է ադրբեջանցի փաստաբանի 500 մլն դոլարի անհիմն հայցը ANCA-ի և այլոց դեմ

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտնել է, որ 2025 թվականի ապրիլի 14-ին ԱՄՆ դաշնային/շրջանային դատարանը մերժել է 500 միլիոն դոլարի հայցը, որը ներկայացրել էր Լագունա Բիչի բնակիչ, ադրբեջանցի փաստաբան Այնուր Բաղիրզադեն՝ ընդդեմ ANCA-ի և ևս 29 անձի ու կազմակերպության։ ANCA-ի փոխանցմամբ՝ հայցադիմումը պարունակել է «անհիմն մեղադրանքներ»։ Դատարանը մերժել է նրա երրորդ փոփոխված բողոքը՝ գործը համարելով փակված։

Հայտնի է, որ Բաղիրզադեն սոցիալական ցանցերում ամիսներ շարունակ հրապարակել է սադրիչ բովանդակությամբ գրառումներ, որոնցում Հայաստանն անվանել է «քաղցկեղային ուռուցք»՝ պնդելով, թե այն պետք է վերացվի Հարավային Կովկասից։ Իր X հարթակում նա իրեն ներկայացրել է որպես «ամերիկյան ներգաղթի և բիզնեսի փաստաբան»՝ հայտնելով․ «Եթե ճշմարտությունը վախեցնում է ձեզ, ես կսարսափեցնեմ ձեզ…»։ Նա նաև հայտարարել է․ «Դու պայքարում ես ահաբեկչական կազմակերպության դեմ և պարզում, որ այն ունի իր դատավորները, ոստիկանները, պետական պաշտոնյաները և նույնիսկ կոնգրեսականները», գրում է իր հոդվածում The Californian Courier-ի խմբագիր Հարութ Սասունյանը։

Բաղիրզադեն վիրավորական կերպով խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին՝ պնդելով, թե հայերը «կոկորդիլոսի արցունքներ են թափել 1915 թվականի իրադարձությունների մասին»։ Նրա տարաբնույթ գրառումներն անհանգստություն են առաջացրել ինչպես նրա մասնագիտական վարքագծի, այնպես էլ մտավոր կայունության վերաբերյալ։ Օրինակ, նա դժգոհել է, որ իրեն «ապօրինի» տուգանել են երթևեկության կանոնի խախտման համար և հայտարարել․ «Ամբաստանյալ դառնալու ևս մեկ թեկնածու»։

Դատարանում նա սպառնացել է դատի տալ դաշնային դատավոր Ռոբերտ Հյուին՝ մեղադրելով նրան «կոռումպացվածության» մեջ։ Ի դեպ, Բաղիրզադեն հայցը ներկայացնելիս հրաժարվել է վճարել 350 դոլար քաղաքացիական միջնորդության վճարը՝ պնդելով, թե չի կարող իրեն թույլ տալ վճարել՝ ներկայացնելով «in forma pauperis» հայց։ Դատարանը մերժել է այդ միջնորդությունը՝ արձանագրելով, որ նրա տարեկան եկամուտը՝ 50,952 դոլար, գերազանցում է աղքատության շեմը։

Նա դատի է տվել 30 տարբեր անձանց և կազմակերպությունների, որոնց թվում են՝ ANCA, YouTube, Google, Yelp, Legal Match, Kia America, ՀՅԴ Արևելյան ԱՄՆ, Արամ Համբարյան, Արմեն Սահակյան, «Զարթոնք» լրատվամիջոց, մի շարք իրավաբանական ընկերություններ և այլն։

Դատարանը դեռևս 2025 թվականի փետրվարի 27-ին մերժել էր Բաղիրզադեի երկրորդ փոփոխված հայցը՝ նշելով, որ այն չի բավարարում իրավական չափանիշներին։ Դատավորը նրան թույլ էր տվել ուղղել առաջին հինգ պահանջների թերությունները, սակայն նա դրան չի հետևել։ Ապրիլի 10-ին ներկայացված 198 էջանոց երրորդ բողոքում Բաղիրզադեն կրկին ներառել է անհիմն պնդումներ, ավելացրել նոր ամբաստանյալներ, չնայած դատարանի արգելքին։

Դատարանը արձանագրել է, որ Բաղիրզադեն ոչ միայն չի վերացրել նախորդ թերությունները, այլ ընդլայնել է անհիմն մեղադրանքները՝ իբր ամբաստանյալները մեղավոր են նրա կյանքի շարքային միջադեպերի համար՝ ճանճեր բնակարանում, ուտիճ հյուրանոցում կամ մեքենայի քարշակում։

Բաղիրզադեի հայցը ներառել է անգամ միջազգային ահաբեկչության և ԱՄՆ Կոնգրեսի մասնակցության մասին մեղադրանքներ՝ առանց որևէ իրավական կամ փաստական հիմնավորման։ Դատարանը նշել է, որ հայցվորը իր հայտարարություններով խաթարում է արդարադատության նկատմամբ հարգանքը։

Դաշնային դատավոր Ռոբերտ Հյուին գործը մերժել է՝ եզրակացնելով. «Այս հանգամանքներում հայցը մերժելուց բացի ցանկացած այլ գործողություն կհակասեր արդարադատության շահերին»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---