Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը 2025-2026 թվականների համար։ Այս մասին ասվում է ԱՄՀ-ի 2025 թվականի ապրիլի գլոբալ կանխատեսման մեջ (Global Economic Outlook)։
Հիմնադրամը նշել է, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2024 թվականին աճել է 5․9 տոկոսով, 2025-2026-ին հիմնադրամը 4․5 տոկոս աճ է սպասում։ Դա ավելի ցածր է, քան 2024 թվականի հոկտեմբերի կանխատեսումը․ այն ժամանակ 2025 թվականի արդյունքներով 4․9 տոկոս աճ էր սպասվում, գրում է Sputnik Արմենիան։
ԱՄՀ-ն նաև հայտնել է գնաճի վերաբերյալ իր ակնկալիքները․ 2025 թվականին այն կկազմի 3․2 տոկոս, իսկ 2026-ին՝ 3․0 տոկոս։ Ըստ մարտի արդյունքների՝ 12-ամսյա գնաճը եղել է 3․3 տոկոս։
2024 թվականի համար ԱՄՀ-ն արձանագրել է գործազրկության 13 տոկոսանոց մակարդակ։ Մինչդեռ հաջորդ երկու տարիների կանխատեսմամբ, գործազրկության ցուցանիշը կաճի՝ կազմելով համապատասխանաբար 13․5 և 14 տոկոս։