24 ապրիլի 2025 - 11:29 AMT
Մարսելի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով

Մարսելում մեկնարկած Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների շարքը սկսվել է ՀՀ դրոշի գույներով քաղաքապետարանի շենքի լուսավորման խորհրդանշական արարողությամբ՝ ընդգծելով հայկական համայնքի ներկայությունն ու հիշողության պահպանման պատրաստակամությունը։

Ապրիլի 22-ին Մարսելի քաղաքապետարանի Ֆարո պալատի ճակատային հատվածը լուսավորվել է հայկական եռագույնով Մարսելի քաղաքապետ Բնուա Պայլանի և Ֆրանսիայի հարավում գործող հայկական կազմակերպությունների կոորդինացնող խորհրդի՝ CCAF Sud-ի նախաձեռնությամբ, գրում է Aravot.am-ը։

ՀՅԴ Նոր Սերնդի կազմակերպած ջահերով երթն անցկացվել է ապրիլի 23-ի երեկոյան, իսկ հաջորդ օրը՝ ապրիլի 24-ի առավոտյան, նախատեսված է պատարագ Բոմոնի եկեղեցում։ Այնուհետև կկայանա երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր, որտեղ կանցկացվի պաշտոնական արարողություն։ Օրվա երկրորդ կեսին մասնակիցները կշարժվեն Թուրքիայի հյուպատոսության ուղղությամբ, որի առջև կկազմակերպվի հանրահավաք։

Մարսելում այս տարվա հիշատակի օրերն առանձնահատուկ նշանակություն են ստացել՝ Երևանի հետ քույր քաղաքներ դառնալու գործընթացի մեկնարկի շնորհիվ։ Այս կապակցությամբ քաղաքապետ Բնուա Պայլանը ծրագրում է առաջիկայում այցելել Հայաստանի մայրաքաղաք՝ այս համագործակցությունն պաշտոնապես հաստատելու նպատակով։

Միաժամանակ, Ֆրանսիայի հարավի հայկական կազմակերպությունների կոորդինացնող խորհրդի երեք համանախագահներ՝ Ազատ Բալալաս-Կազանջյանը, Օրոր Բրունան և Ժուլիեն Հարությունյանը, կոչ են արել միջոցառումներին մասնակցող երեխաներին ներկայանալ սպիտակ հագուստով՝ ի հիշատակ անմեղ զոհերի և խաղաղության խորհրդանիշ։