Միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը շեշտել է, որ Հայաստանի ձեռքին այս պահին խոշորագույն խաղաքարտեր կան, որոնք չեզոքանալու են միջազգային դատական ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում։
Նա նշել է, որ միջազգային հայցերից հրաժարվելու դեպքում Ադրբեջանը կդադարի լինել իրավախախտ, հայտնում է Sputnik Արմենիան։
Օրբելյանը նշել է. «Այս պահին գործող դատական գորընթացների շրջանակներում առկա են հայցի ապահովման միջոցներ, որոնք Ադրբեջանը խախտել է։ Այսինքն` Ադրբեջանն այս պահին միջազգային իրավախախտ է։ Եվ կա գորիքակազմ, որը հնարավորություն է տալիս իրավախախտումներին անդրադարձ կատարել։ Հայցերից հրաժարվելու դեպքում այդ որոշումները դադարում են գոյություն ունենալ, Ադրբեջանը դադարում է լինել իրավախախտ և դադարում է խախտել միջազգային իրավունքն ու միջազգային դատարանի որոշումները»։
Փաստաբանի խոսքով՝ այս գործընթացներում Արցախը դիտարկվել է որպես ինքնորոշման սուբյեկտ, ինչը հստակ արտացոլված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատային փաստաթղթերում։ Այդ փաստաթղթերն իր գնահատմամբ պարունակում են ձևակերպումներ, որոնք ամրապնդում են Արցախի սուբյեկտայնության իրավական հիմքը։
Օրբելյանը նշել է, որ տեխնիկապես հնարավոր է նոր հայցեր ներկայացնել ապագայում, սակայն ներկայիս գործերի հիմքով հաստատված իրավունքներն այդ դեպքում արդեն կիրառելի չեն լինի։
Նա մանրամասնել է. «Կարող ենք էլի դատի տալ, բայց այս նույն հայցի ապահովումները, որտեղ Արցախ կա, որտեղ Բերձոր կա, որտեղ հայկական բնակչություն կա, որտեղ քվազիպետական կառույցներ կան, որտեղ կա բլոկադայի չենթարկվելու իրավունք, կա իրենց հողում բնակվելու, վերադարձի իրավունք և էլի շատ իրավունքներ, այս բոլոր որոշումները դադարում են գործել։ Հայցերի այն ապահովումները, որոնք արձանագրում էին, որ Արցախում, օրինակ, պետք է Բերձորի միջանցքը բացվի, էլ չեն լինի, որովհետև մենք կլինենք բոլորովին ուրիշ վիճակում։ Այդ հայցերը ներկայացնելու պահին մենք ունեցել ենք Արցախ, նոր հայցերը ներկայացնելու պահին Արցախ չի լինելու»։
Բացի այդ, ըստ Օրբելյանի, միջպետական հայցերի ներկայացմամբ Հայաստանը ըստ էության զրկել է անհատներին միջազգային դատարաններում իրենց անձնական հայցերով հանդես գալու հնարավորությունից։ Նա ընդգծել է, որ այդ հայցերից շատերում ներառված են գերիներին և անհետ կորածներին վերաբերող պահանջներ, իսկ դրանցից հրաժարվելով՝ այդ անձինք կզրկվեն արդարադատության հասնելու հնարավորությունից։
«Բավական չէ, որ Հայաստանը չի պահպանում իր քաղաքացիների իրավունքները, հիմա էլ պարտակում է` թողնելով, որ Ադրբեջանը ոտնահարի, և դրան հետևանք չի տալիս»,– հավելել է Օրբելյանը։
Միջպետական վեճերից հրաժարվելու հարցը հրապարակայնացվել է դեռևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 13-ի մամուլի ասուլիսում։ Վարչապետը նշել է, որ Ադրբեջանի հետ նման քննարկումներ ընթանում են, և իր գնահատմամբ՝ փոխադարձ վեճերից հրաժարվելու տարբերակի բացակայության դեպքում հնարավոր չի լինի կառավարել էսկալացիան։
Մարտի 13-ին հայտնի է դարձել, որ Հայաստանը և Ադրբեջանը ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում են սահմաններից միջազգային առաքելությունների դուրսբերմանն ու միջազգային ատյաններում ներկայացված հայցերից հրաժարմանը։ Մեկ օր անց՝ մարտի 14-ին, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում հայտնել է, որ կողմերը պարտավորվել են խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո հետ կանչել իրենց միջպետական վեճերը և հետագայում չդիմել միջազգային դատարաններ՝ այն հարցերով, որոնք ի հայտ են եկել պայմանագրի ստորագրումից առաջ։