90-ամյա Արաքսի Դեմիրճյանն ուզում է մոր կտակով վերադարձնել Ցեղասպանության ժամանակ կորցրած ունեցվածքը

90-ամյա Արաքսի Դեմիրճյանն ուզում է մոր կտակով վերադարձնել  Ցեղասպանության ժամանակ կորցրած ունեցվածքը

PanARMENIAN.Net - Գյումրեցի 90-ամյա Արաքսի Դեմիրճյանը պահանջում է՝ պետք է վերականգնվի արդարությունը, պետք է վերադարձնի մոր՝ Մարիամ Խաչիկյան-Դեմիրճյանի կտակում նշված ունեցվածքը, որն իրենց ընտանիքը կորցրել է Հայոց ցեղասպանության տարիներին։ Նա նաև հույս ունի, որ ոչ միայն մոր կտակի արդարությունն ի վերջո կհաստատվի, այլև Հայոց ցեղասպանությունը կստանա համընդհանուր ճանաչում։

«Թող աշխարհն իմանա՝ ինչ ենք մենք կորցրել ու ինչ արդարություն ենք փնտրում այսքան տարի»,-ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։

Արաքսիի տատը ծնվել է Սիրիայում՝ այն ընտանիքում, որի արմատներն առնչվում են Խարբերդին։ Ցեղասպանության տարիներին Մարթա Քաչիկյանը՝ Արաքսի Դեմիրճյանի տատը, կորցնելով ամուսնուն, երեք դուստրերի հետ ապաստան է գտել Հալեպ քաղաքում։ 1929 թվականին նա դիմել է Հալեպի վիլայեթի բարձրագույն հանձնախմբին՝ իրենց՝ Թուրքիայում թողած անշարժ գույքի հանդեպ իրավունքները վերականգնելու պահանջով։ Թեև ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, սակայն հարցը երբեք լուծում չի ստացել։

1946 թվականին Դեմիրճյանների ընտանիքը Սիրիայից տեղափոխվել է Հայաստան։

«Ինը տարեկան էի, երբ եկանք Հայաստան։ Սիրով եկանք, գիտեինք՝ սա մեր տունն է, մեր օջախը։ Միշտ ասել են՝ հայը պետք է ապրի իր հողում»,-պատմել է տիկին Արաքսին՝ ընդգծելով, որ իրենց ընտանիքը երբեք չի զղջացել հայրենադարձության որոշման համար։

Տիկին Արաքսին հայտնել է, որ մոր՝ Մարիամ Խաչիկյան-Դեմիրճյանի կտակը՝ հայերեն թարգմանված փաստաթղթերով, այսօր պահվում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Իսկ բնօրինակները նա պահում է տանը՝ փոքրիկ կանաչ տուփի մեջ։ Այդ փաստաթղթերն ապացուցում են Խարբերդում գտնվող տների, կալվածքների, արոտավայրերի և այլ գույքի գոյությունը, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 18,000 թուրքական լիրա՝ 1929 թվականի տվյալներով։

«Այս տուփի մեջ իմ ընտանիքի ambողջ անցյալն է։ Տուփը գտա մորս մահից հետո՝ նրա հագուստները դասավորելիս։ Երբ փաստաթղթերը թարգմանեցին՝ հասկացա, թե ինչ ահռելի ունեցվածք ենք կորցրել»,-պատմել է տիկին Արաքսին։

Նա տարիների ընթացքում դիմել է մի շարք կառույցների՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, նույնիսկ մեկնել է Թուրքիա, հանդիպումներ ունեցել իրավաբանների հետ, սակայն իր խոսքով՝ գործնական քայլեր չեն արվել։

«Ես նամակ եմ ուղարկել Հայ դատի գրասենյակ։ Աստծու հետ պայման ունեմ՝ չմեռնեմ, մինչև այդ գումարները հետ չվերադարձնեմ։ Հենց հետ բերեմ այդ ունեցվածքը, կտամ մանկատներին ու ծերանոցներին։ Իմ պարտքն եմ համարում։ Արդեն մեծ եմ, չհասցնեմ՝ իմ ունեցվածքը թուրքին կմնա»,-եզրափակել է Արաքսի Դեմիրճյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---