24 ապրիլի 2025 - 15:05 AMT
Արմեն Սարգսյան․ Ոգեկոչում ենք ոչ միայն մեր կորցրածը, այլև մեր վերածնվելու կամքը

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում նշել է, որ ապրիլի 24–ին ոգեկոչում ենք ոչ միայն մեր կորցրածը, այլև մեր վերածնվելու կամքը։

Նա հավելել է, որ ապրիլի 24-ը դարձել է ճշմարտության անպարտելիության վկայություն։

«Այսօր մենք ոգեկոչում ենք ոչ միայն մեր կորցրածը՝ կյանքեր, բնակավայրեր, հայրենիք, այլև այն, ինչը դիմացավ ժամանակի փորձությանը՝ մեր արժանապատվությունն ու վերածնվելու կամքը։ Անմեղ զոհերի հիշատակը պարզապես վերք չէ, այն նախազգուշացում է, իմաստություն և վերհառնելու ուխտ»,– գրել է նա։

Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ առաջինը ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին։ Նրա օրինակին հետևել են մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը և ԱՄՆ-ն։