24 ապրիլի 2025 - 15:19 AMT
Զախարովա. ՌԴ–ն եղբայրական հայ ժողովրդի ցավը միշտ ընկալել է որպես սեփականը

ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն Օսմանյան կայսրությունում, ասել է, որ ՌԴ–ն եղբայրական հայ ժողովրդի ցավը միշտ ընկալել է որպես սեփականը։

«Ապրիլի 24-ը 20-րդ դարի առաջին կեսի առավել ողբերգական իրադարձություններից մեկի՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է։ Պատմական վկայությունների համաձայն՝ 1915 թվականին ռուսական կայսերական բանակի Կովկասյան բանակը, Նիկոլայ Երկրորդի կարգադրությամբ բացելով ռուս-թուրքական սահմանը, փրկել է առնվազն 350 հազար հայերի», – նշել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Մոսկվայի դիրքորոշումը տվյալ ողբերգական իրադարձությունների վերաբերյալ վաղուց հայտնի է և հիմնված է հումանիստական սկզբունքների վրա։

«Դեռ 1915 թվականին՝ ռուսական դիվանագիտության և դրա ղեկավար Սերգեյ Դմիտրիևիչ Սազոնովի նախաձեռնությամբ, միջազգային համայնքի առաջատար ուժերը կատարվածը որակել են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Ժամանակակից Ռուսաստանը աշխարհի առաջին երկրներից է, որ ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդուման 1995 և 2005 թվականներին ընդունել է որոշումներ, որոնք դատապարտում են 1915-1922 թվականների Հայոց ցեղասպանությունը։ 2015 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած այցի ընթացքում մասնակցել է զոհերի հիշատակին նվիրված արարողությանը և խորին ցավակցություն հայտնել հայ ժողովրդին», – նշել է Զախարովան։

Նա հավելել է, որ ավանդաբար Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում, անցկացվում են հիշատակի միջոցառումներ։ Դրանց մասնակցում են ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչները, այլև տարբեր ազգությունների բազմաթիվ մարդիկ, որոնց միավորում է ողբերգական անցյալի հիշողությունը պահպանելու և այն քաղաքական շահերի համար մոռացության չմատնելու ձգտումը։