Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը՝ ԵԱՀԿ–ն պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Ադրբեջանի և Հայաստանի սահմանի ականազերծման աշխատանքներին։ Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։
Նա նշել է, որ կազմակերպությունն ունի անհրաժեշտ բոլոր միջոցները, գրում է Trend-ը։
«Ունենք համապատասխան փորձ և փորձագիտություն ականազերծման ոլորտում։ Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի ականազերծմանը, եթե երկու կողմերն էլ արտահայտեն նման կամք։ ԵԱՀԿ-ն մասնակից պետությունների կազմակերպություն է։ Եթե թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը դիմեն մեզ օգնության խնդրանքով, մենք ունենք անհրաժեշտ բոլոր միջոցները՝ գործիքներ, փորձագետներ և մոտեցումներ», - նշել է նա։
Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։