Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն շեշտել է, որ պատմությունը վկայում է՝ զանգվածային հանցագործությունների անպատժելիությունը և չճանաչումը մեծացնում են դրանց կրկնության վտանգը։ Պատգամավորի գնահատմամբ՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հանդիսանում է ոչ միայն պատմական արդարության, այլև բարոյական հրամայականի հարց, հայտնում է Արմենպրեսը։
Ինյարիտուն ընդգծել է, որ Թուրքիայի սիստեմատիկ ժխտողականությունը միայն վիրավորանք չէ զոհերի հիշատակին, այլ նաև նպաստում է անպատժելիության մշակույթի պահպանմանը։
«Թուրքիան ինստիտուցիոնալացրել է ժխտողականությունը՝ որպես պետական քաղաքականություն՝ համատեղելով պատմական ռեվիզիոնիզմը, դիվանագիտական ճնշումը, տնտեսական սպառնալիքները և միջազգային լոբբինգի միջոցով լավ ֆինանսավորվող ապատեղեկատվության արշավները: Այս մոտեցումը խաթարում է ճշմարտությունը, խեղաթյուրում է ներկան և փակում հաշտեցման ցանկացած իրական ճանապարհ»,-նկատել է պատգամավորը։
Ինյարիտուն, անդրադառնալով այն հարցին, թե միջազգային հանրությունը ինչ քայլեր պետք է ձեռնարկի, նշել է, որ պետք է հաղթահարել խորհրդանշական հայտարարությունների և քաղաքավարի դիվանագիտության սահմանները։
«Միջազգային հանրության կողմից պահանջվում է ամուր և սկզբունքային դիրքորոշում՝ համահունչ միջազգային իրավունքին և մարդու իրավունքներին: Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական արդարության խնդիր է, այլև բարոյական հրամայական: Ավելին, պետք է բազմակողմանի ճնշում գործադրվի Թուրքիայի վրա՝ բացելու իր արխիվները, պատասխանատվությունը ստանձնելու և լիարժեք ու միանշանակ ճանաչման ուղղությամբ գնալու համար։ Կայուն խաղաղությունը կարող է կերտվել միայն ճշմարտությունից»,-նշել է պատգամավորը։
Նա նաև խոսել է այն պայմանների մասին, որոնց դեպքում Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, շեշտելով, որ նման քայլը պահանջում է ավելին, քան քաղաքական կամք։
«Ճանաչումը կպահանջի խորը մշակութային և ինքնության վերափոխում: Այդ առումով Հոլոքոստից հետո իր անցյալի հետ Գերմանիայի առճակատումը հզոր օրինակ է. միայն այն ժամանակ, երբ հասարակությունն ազնվորեն է առերեսվում իր պատմությանը, այն կարող է իրական ժողովրդավարական էվոլյուցիա սկսել: Թուրքիայի դեպքում դա նշանակում է ժխտման վրա հիմնված հիմնարար ազգայնականության ապամոնտաժում: Այն պահանջում է, որ թուրքական քաղաքացիական հասարակությունը, հատկապես երիտասարդ սերունդները, հաշտվեն այն փաստի հետ, որ Օսմանյան կայսրության վերջին օրերին ավելի քան 1,5 միլիոն հայեր, ինչպես նաև այլ քրիստոնյա փոքրամասնություններ, ինչպիսիք են ասորիները և Պոնտոսի հույները, համակարգված կերպով բնաջնջվեցին: Խոսքը վերքերի վերաբացման մասին չէ, այլ այդ վերքերի ճանաչումն է՝ դրանց բուժելու նպատակով»,-ընդգծել է պատգամավորը։
Ինյարիտուն նաև հավելել է, որ ներկայում Թուրքիայի քաղաքական մթնոլորտը, որը ձևավորվել է ավտորիտարիզմի, քաղաքական իսլամի և նեոօսմանյան պատմությունների ազդեցության ներքո, կարճաժամկետ հեռանկարում Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձնում է քիչ հավանական։
«Այդուհանդերձ, ես հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում կհայտնվի այլ Թուրքիա՝ ավելի ժողովրդավարական, ավելի բազմակարծիք և ավելի պատրաստ՝ առանց վախի առերեսվելու իր պատմությանը»,-շեշտել է պատգամավորը։
Նա նաև անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող հարաբերությունների կարգավորման բանակցություններին և դրա համատեքստում Հայոց ցեղասպանության հարցի հնարավոր ազդեցությանը։
«Այն, որ Հայաստանն ու Թուրքիան երկխոսության մեջ են, ինքնին ողջունելի զարգացում է, հատկապես բևեռացման և դիվանագիտական փակուղու գլոբալ մթնոլորտում: Փոխըմբռնմանն ուղղված ցանկացած ջանք, նույնիսկ եթե սկզբում ուղղված է եղել պրագմատիկ խնդիրների վրա, ինչպիսիք են սահմանների բացումը կամ տնտեսական կապերը, պետք է խրախուսվեն: Այդուհանդերձ, դժվար է պատկերացնել, որ Ցեղասպանության հարցն ակնառու կերպով հայտնվի այդ օրակարգում: Այս ողբերգությանը անդրադառնալը պահանջում է քաղաքական հասունություն, էթիկական վճռականություն և ինստիտուցիոնալ խիզախություն, որոնք, ցավոք սրտի, բացակայում են Թուրքիայի ներկայիս ղեկավարության մոտ: Այնուամենայնիվ, եթե երկխոսությունը ժամանակի ընթացքում պահպանվի և հիմնված լինի փոխադարձ հարգանքի ու բարեխղճության վրա, այն աստիճանաբար կարող է պայմաններ ստեղծել այս երկար պատմություն ունեցող խնդրին՝ Հայոց ցեղասպանությանն անկեղծ և կառուցողական մոտենալու համար»,-նշել է Ինյարիտուն։
Ինյարիտուն նաև ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության կամ այլ նմանատիպ հանցագործությունների քննարկման ժամանակ «այլևս երբեք» արտահայտությունը պետք է դառնա իրական հավաստիացում, այլ ոչ թե դատարկ արտահայտություն։
«Հայկական դեպքը խորհրդանշական է. այն փաստը, որ Ցեղասպանությունը ժխտվել է ավելի քան մեկ դար, ստեղծել է վտանգավոր նախադեպ: Իսկապես զարգացած մարդկությունը պետք է ներդրումներ կատարի ակտիվ հիշողության, խիստ պատմական կրթության և անցումային արդարադատության մեջ՝ որպես մեր էթիկական հիմքի հիմնասյուներ: Միևնույն ժամանակ, հստակությունն էական է. ամեն հանցագործություն չէ, որ ցեղասպանություն է, և տերմինի մանրացումը խաթարում է դրա իմաստը: Սակայն, երբ մենք խոսում ենք համակարգված, ծրագրված և էթնիկ կամ կրոնական դրդապատճառներով բնաջնջման մասին, ինչպես դա եղավ հայերի դեպքում, չպետք է լինի արդարացում, հարաբերականություն: Նման հանցագործություններն անվանակոչելը սոսկ պարտականություն չէ անցյալի հանդեպ, այլ երաշխիք է ապագայի համար»,-եզրափակել է Ջոն Ինյարիտուն։