Վարչապետ․ ՀՀ–ն իր ռազմավարությունը կշարունակի այնքան, մինչև ստորագրվի խաղաղության համաձայնագիրը

Վարչապետ․ ՀՀ–ն իր ռազմավարությունը կշարունակի այնքան, մինչև ստորագրվի խաղաղության համաձայնագիրը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակելու է իր ռազմավարական գիծը մինչև այդ փաստաթղթի ստորագրումը։

«Մեր կառավարությունը, ես անձամբ այդ թեմայի շուրջ աշխատում ենք ամենօրյա ռեժիմով։ Մենք հետևողական և վճռական ենք այդ հարցում՝ մեր անելիքը անել լիարժեք, հետևողական և համբերատար։ Մենք այս ռազմավարությունը կշարունակենք այնքան ժամանակ, մինչև նպատակը՝ այսինքն խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, խաղաղությունը հաստատվի, և մենք չենք շեղվելու այդ ճանապարհից»,-նշել է նա, հայտնում է Արմենպրեսը։

Վարչապետն ընդգծել է, որ եթե որևէ մեկը լսի տեղեկություն այն մասին, թե Հայաստանի կառավարությունը շեղվել է իր ռազմավարությունից, պետք է իմանա՝ այդպիսի լուրերը իրականությանը չեն համապատասխանում։

Խոսելով Ռուսաստանի և Եվրոպական միության հետ հարաբերությունների մասին՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը նպատակ չունի որևէ ուղղությամբ հարաբերությունների վատացմանը տանելու։

«Սա շատ կարևոր նրբություն է։ Կարող է լինել տեսական երկու մոտեցում՝ խորացնել հարաբերությունները մեկ ուղղությամբ և փչացնել հարաբերությունները երկրորդ ուղղությամբ։ Մենք այդ մոտեցման կողմնակիցը չենք։ Մեր մոտեցումն այն է՝ օգտագործել մեր ինքնիշխանությունը՝ մեր հարաբերությունները խորացնելու բոլոր այն ուղղություններով, որով մենք ցանկանում ենք, ավելի խորը հարաբերություններ ունենալ այնտեղ, որտեղ բավարար խորության չեն մեր հարաբերությունները։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները հենց այդպիսին են։

Իհարկե, կարող են լինել իրավիճակներ, որ տարբեր ուղղություններով մեր արտաքին հարաբերություններում լինեն որոշակի լարումներ, հատումներ, և մենք այս իրադրության կառավարումը պատկերացնում ենք մեր թափանցիկությամբ, մեր ազնվությամբ, մեր բացությամբ մեր բոլոր գործընկերների առաջ, որպեսզի մեր մոտեցումները, պատկերացումները բավարար չափով պարզաբանված լինեն մեր բոլոր գործընկերներին, որպեսզի մութ անկյուններ մեր կողմից վարվող քաղաքականությունների, դրանց պատճառների, դրանց հիմնավորումների վերաբերյալ չլինեն»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները:

 Ուշագրավ
---