Փաշինյան. Մենք ՌԴ հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք

Փաշինյան. Մենք ՌԴ հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էստոնիայում պաշտոնական այցի ընթացքում ապրիլի 28-ին կազմակերպված մամուլի ասուլիսում հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունները հիմնված են և պետք է շարունակեն հիմնված լինել փոխադարձ հետաքրքրությունների վրա։

Նա ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է հավասարակշռված և բալանսավորման արտաքին քաղաքականություն և ՌԴ հետ հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունի, հայտնում է Արմենպրեսը։

«Դա նշանակում է, որ մենք մեր արտաքին քաղաքականությունը չենք պատկերացնում և չենք կառուցում մի ուղղությամբ և փորձում ենք գտնել և կառուցել ճիշտ բալանսներ մեր արտաքին քաղաքականության մեջ։ Դրա արտահայտություններից մեկը նաև Հայաստանի Հանրապետությունում վերջերս ընդունված օրենքն էր Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը տալու վերաբերյալ»,-ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ քննարկումների ընթացքում ընդգծվել է, որ այդ օրենքը դիտարկվում է նաև որպես լրացուցիչ խթան ժողովրդավարական բարեփոխումների համար, քանի որ Հայաստանը վարում է ժողովրդավարական բարեփոխումների ռազմավարություն։

«Շատ կարևոր է, որ այդ ռազմավարության մեջ ունենանք լրացուցիչ խթաններ, և այդ օրենքը լրացուցիչ խթաններից մեկն է։ Ուզում եմ հստակ լինել. երբեմն նաև Հայաստանում արվում են մեկնաբանություններ, որոնք, իմ կարծիքով, ճիշտ չեն արտահայտում իրականությունը։ Մենք ամենևին էլ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք։ Ուզում ենք, ինչպես և տրամաբանական է, ունենալ լավ հարաբերություններ միջազգային բոլոր գործընկերների հետ, ցանկանում ենք կարգավորել մեր հարաբերությունները մեր տարածաշրջանի երկրների հետ, ուզում ենք հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի, Թուրքիայի հետ, ցանկանում ենք ավելի լավացնել հարաբերությունները մեր մյուս հարևանների՝ Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ։ Եթե մենք տեսնենք, թե վերջին տարիներին ինչ զարգացումներ են եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, գուցե որոշ ժամանակ առաջ դա թվար կամ գնահատվեր անիրատեսական կամ անհնարին»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանում գործում է Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն, որի համար ինքն իր երախտագիտությունն է հայտնել Եվրամիությանը և Էստոնիային՝ այդ որոշումը սատարելու համար։ Նա նաև անդրադարձել է վիզաների ազատականացման բանակցություններին՝ նշելով, որ ակնկալում է դրանց տրամաբանական ավարտը համապատասխան ժամկետներում։

«Նախորդ տարի Եվրամիությունը որոշում կայացրեց Հայաստանին աջակցություն տրամադրել եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում, ինչը ևս շատ կարևոր որոշում է։ Շոշափելի, առարկայական կամ նյութական իմաստով այդ որոշումը բավականին սիմվոլիկ է, բայց ունի ահռելի քաղաքական նշանակություն։ Սա նաև մեր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության կարևոր արդյունքներից մեկն է։ Մենք հույս ունենք Եվրամիության հետ խորացնել նաև տնտեսական, առևտրային հարաբերությունները, որովհետև կարծում եմ՝ քաղաքական երկխոսությունն ավելի էֆեկտիվ և շոշափելի է դառնում, երբ ուղեկցվում է կոնկրետ տնտեսական արդյունքներով»,-եզրափակել է Փաշինյանը։

 Ուշագրավ
---