8 հունիսի 2009 - 14:53 AMT
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը դարձել է Օբամայի ու Սարկոզիի տարաձայնությունների պատճառը
«Ես արդեն ասել եմ, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը չափազանց կարեւոր գործընթաց է»,-հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ համատեղ մամլո ասուլիսում, որը կայացավ Ֆրանսիայում` Նորմանդիայում դաշնային զորքերի ափելման տարեդարձին նվիրված միջոցառումներից առաջ:

«ԱՄՆ-ն աջակցում է այն բանակցություններին եւ քննարկումներին, որոնց ընթացքում Թուրքիան կարող է վստահ լինել, որ բարեկամական հարաբերություններ ունի Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ողջ Եվրոպայի հետ եւ որ նա կարող է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ»,-հավելել է Օբաման` կոչ անելով Ֆրանսիային եւ այլ եվրոպական երկրներին կապեր հաստատել մահմեդական աշխարհի հետ: «Ես կարծում եմ, որ Եվրոպան ու Ֆրանսիան պետք է իրենց դերակատարությունն ունենա, ինչպես եւ ԱՄՆ-ն, աշխարհի մահմեդականներին ազդանշան հղելով, եւ մենք ողջունում ենք նրանց մասնակցությունը խաղաղությանը, բարգավաճմանն ու զարգացմանը, ինչը բխում է բոլոր մարդկանց շահերից:

Իր հերթին Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ Ֆրանսիան կշարունակի դեմ հանդես գալ Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, թեեւ համաձայնվել է Օբամայի հետ, որ հարաբերությունները Թուրքիայի հետ պետք է զարգանան: «Չափազանց կարեւոր է, որ Եվրոպան սահմաններ ունենա: Ինձ համար Եվրոպան դա կայունություն է, եւ ես չեմ կարող թույլ տալ, որ այդ կայունությունը խախտվի»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: