9 հունիսի 2009 - 00:15 AMT
Պահակներին քնել թույլատրելու համար պատասխանատվություն կկրի Պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղի վարիչը
Կոտայքի մարզի դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ «Հայաստանի Ազգային Պատկերասրահ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի վարիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Վերանայելով «Հայաստանի Ազգային Պատկերասրահ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղում տեղի ունեցած գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերը՝ Կոտայքի մարզի դատախազությունը պարզել է, որ մասնաճյուղի վարիչ Մ. Վարդանյանը չի կատարել իր պարտականությունները, չի կազմակերպել պատկերասրահի շենքի պահպանությունը: Ընդհակառակը՝ թույլատրել է շենքի պահպանությունն իրականացնող պահակներին գիշերային ժամերին չկատարել իրենց պարտականությունները:

Արդյունքում՝ օգտվելով այն հանգամանքից, որ գիշերային ժամերին պատկերասրահում հսկողություն չի իրականացվում՝ 2009թ. մարտի 30-ի լույս 31-ի գիշերը անհայտ անձինք, կոտրելով պատկերասրահի կողային մասի ապակին, մուտք են գործել Հրազդան քաղաքի «Հայաստանի Ազգային Պատկերասրահ»-ի շենք եւ գողացել ընդհանուր արժողությամբ 28 միլիոն 750 հազար դրամի թվով 18 գեղանկար:

Փաստի առթիվ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական վարչությանը: