10 հունիսի 2009 - 19:41 AMT
Նոութբուքեր արտադրողները պարտադրո՞ւմ են Windows ծրագիրը
ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴԿԾ) գործ է հարուցել Asus, Acer, HP, Toshiba, Samsung եւ Dell ընկերությունների դեմ: Նրանք մեղադրվում են մրցակցության մասին օրենքը խախտելու համար: ՌԴ ԴԿԾ հարցման արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա կարելի է եզրակացնել, որ նոութբուքերի 90 տոկոսն իրականացվում է «Microsoft Corporation» արտադրության օպերացիոն համակարգի նախնական տեղադրմամբ: Սակայն այդ համակարգից հրաժարվելու դեպքում դրամը հաճախորդներին չի վերադարձվում: Որպես հետեւանք, հաճախ գնորդները չեն կարողանում ձեռք բերել հարկավոր նոութբուքը առանց նախապես տեղադրված օպերացիոն համակարգի:

Asus, Acer, HP, Toshiba, Samsung եւ Dell ընկերությունների ստուգումը սկսվեց ընթացիկ տարվա փետրվարին: Արդյունքում պարզվեց, որ փաստաթղթերը, որոնք կանոնակարգում են դրամի վերադարձը նոր համակարգերում Windows-ի տեղադրման համար, կան միայն Asus ընկերության մոտ, սակայն դրանք եւս հարցեր են հարուցում:

Ինչպես հաղորդում է ՌԴ ԴԿԾ-ն, գնորդն իմանում է նախապես տեղադրված օպերացիոն համակարգերից հրաժարվելու հնարավորության մասին նոր նոութբուքը միացնելիս միայն, օպերացիոն համակարգի բեռնավորումից հետո:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Lans խանութների ցանցի վաճառքի գծով մենեջեր, Հայաստանում Dell նոութբուքերի պաշտոնական ներկայացուցիչ Էդիտա Լալայանը, Dell կորպորացիան Հայաստանում շատ ճկուն քաղաքականություն է վարում նոութբուքերում օպերացիոն համակարգերի նախնական տեղադրման առումով: Ըստ նրա, գնորդի հետ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվում, թե որ օպերացիոն համակարգն է նա նախընտրում, կամ ցանկանում է, որ այն առկա լինի ընդհանրպես, թե նախընտրում է նոութբուքն առանց օպերացիոն համակարգի, բնականաբար, ավելի էժան գնով: