1 հուլիսի 2009 - 19:27 AMT
Հայաստանի եւ Վրաստանի փորձագետները գնահատել են Միխայիլ Սահակաշվիլու Երեւան կատարած այցը
Հայաստանի եւ Վրաստանի հասարակությունները եւ քաղաքական վերնախավերը գնահատել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու Երեւան կատարած այցը: Այդ մասին Երեւան-Թբիլիսի հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանը: «Սահակաշվիլու Հայաստան կատարած այցի շրջանակներում քննարկվել են երկու երկրների փոխհարաբերությունների հարցերը հաղորդկացության, տարածաշրջանային քաղաքականության, Սամցխե-Ջավախքի հայերի, աշխարհաքաղաքականության ոլորտներում: Կոնկրետ պայմանավորվածություններ եթե նույնիսկ ձեռք են բերվել, չեն հրապարակվել այցի ընթացքում»,- ընդգծել է փորձագետը:

Իր հերթին վրացի քաղաքագետ Գիա Նոդիան նշել է, որ Վրաստանի նախագահի այցը բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, չնայած նրան, որ երկրների միջեւ խնդիրներ կան: «Հասկանալի է, որ երկու երկրները տարբեր շահեր եւ մոտեցումներ ունեն, բայց ով էլ լինի Հայաստանի եւ Վրաստանի նախագահը տվյալ պահին, երկուսն էլ հավաստում են, որ այժմ չկան խնդիրներ, որոնք կարող են փչացնել երկկողմանի հարաբերությունները»,- ասել է վրացի քաղաքագետը: