ՌԵՅԿՅԱՎԻԿԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԷՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԶԻՋՈՒՄՆԵՐՈՎ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը կտրականապես համաձայն չէ թուրքական եւ ադրբեջանական կողմերի մեղադրանքների հետ, որոնց համաձայն «հայկական ղորքերը գրավել են ադրբեջանական տարածքի մի մասը»: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ավարտից հետո հայտարարել է Իսլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատու աշխատակից Մայքլ Մաքլյուիսը: Հիշեցնենք, որ երեք նախարարների հանդիպումը կայացել է Իսլանդիայի մայրաքաղաքում ընթացող Եվրոատլանտյան համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում: Մաքլյուիսի խոսքերով, Վարդան Օսկանյանի, Վիլայաթ Գուլիեւի եւ Իսմաիլ Ջեմի հանդիպման հիմնական նպատակն էր պաշտոնական Անկարայի դերի որոշումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում եւ այն հիմնախնդիրների լուծման մեջ, որոնք առկա են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Հանդիպման ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Իսմաիլ Ջեմը հայտարարել է, թե դիվանագիտական եւ տնտեսական համագործակցությունը Անկարայի եւ Երեւանի միջեւ հնարավոր է միայն հայերի կողմից «գրավյալ տարածքները» ազատելուց հետո: Իսլանդացի դիվանագետը նշել է, որ Հայաստանը չափազանց դժգոհ է Ադրբեջանի եւ Թուրքիայի միությունից: Նրա խոսքերով, պաշտոնական Երեւանը փորձում է տնտեսական համագործակցություն հաստատել տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, եւ մասնակցել Բաքու-Ջեյհան նավթատարի եւ Բաքու-Էրզրում գազատարի շինարարությանը: Սակայն, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները կտրականապես մերժել են այդ նախաձեռնությունը, նշելով, որ ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը խոչնդոտում է եղած հիմնախնդիրների լուծմանը: Մայքլ Մաքլյուիսը գոհունակությամբ փաստել է, որ երեք երկրների ԱԳՆ-ը պայմանավորվել են շարունակել քաղաքական խորհրդատվությունները, ինչը կնպաստի տարածաշրջանում եղած հիմնահարցերի լուծմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---