25 օգոստոսի 2009 - 21:23 AMT
Թուրքիայում Անգլիայի դեսպանը գտնում է, որ հարկ է շտապեցնել Երեւանին եւ Բաքվին
Թուրքիայում իր առաքելությունն ավարտող Մեծ Բրիտանիայի դեսպան Նիկ Բեյրդը թուրքական HՖrriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ քրդական, հայկական եւ կիպրոսյան խնդիրների հաջող լուծումից հետո, տարածաշրջանը կարող է երկարատեւ կայունություն ձեռքբերել:

Մեծ Բրիտանիայի դեսպանի խոսքերով, հարեւան Հայաստանի հետ հարաբերությունները կանոնացնելու Թուրքիայի կառավարության ջանքերը շատ համարձակ էին, սակայն այդ գործընթացն արգելափակվել էր Անկարայի կողմից` Լեռնային Ղարաբաղի չլուծված խնդրի պատճառով պաշտոնական Ադրբեջանի կողմից գործադրվող ճնշման առնչությամբ: Նիկ Բեյրդն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում կարելի է հաջողության հասնել միայն ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում իրական առաջընթացից հետո:

Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ հայ-թուրքական սահմանի բացման հարցը կապելու Անկարայի փորձի վերաբերյալ Նիկ Բեյրդը հետեւյալ կարծիքն է հայտնել. «Ես անկեղծորեն չէի կարծում, որ Թուրքիայի կառավարությունը մեծ ընտրություն ունի: Թուրքիան լավ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ, եւ փորձում է հարաբերությունները կանոնացնել նաեւ Հայաստանի հետ: Սակայն հնարավոր չէ մեկը զոհել հանուն մյուսի: Ես կարծում եմ, որ հանուն տարածաշրջանային կայունության հարցում առաջընթացի հարկ է համատեղ ջանքեր գործադրել»:

Նա նաեւ ընդգծել է. «Մենք Միացյալ Նահանգներին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին կդրդենք այն բանին, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագիր ձեռքբերվի արդեն այժմ»: