4 սեպտեմբերի 2009 - 16:50 AMT
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեց «ARMENIA EXPO 2009»-ը
Այսօր ՀայաստանիՀանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության կողմից կազմակերպված առեւտրա-արդյունաբերական ցուցահանդես-ֆորումին:

«ARMENIA EXPO 2009» իններորդ ունիվերսալ տարածաշրջանային առեւտրա-արդյունաբերական ցուցահանդես-ֆորումը տեղի կունենա սեպտեմբերի 4-6-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

ՀՀ կառավարության ղեկավարը կարեւորել է ավանդական դարձած ցուցահանդեսի անցկացումը եւ նշել. «Նման միջոցառումները, մեր համոզմամբ, ստեղծում են լավ նախադրյալներ միասին հաղթահարելու այսօր առկա բոլոր դժվարությունները»,- ասել է նա: Սարգսյանն ավելացրել է, որ չափազանց կարեւոր է այն հանգամանքը, որ 9 երկրից շուրջ 150 կազմակերպություն է մասնակցում այդ միջոցառմանը:

«Դա նշանակում է, որ մարդիկ եկել են այստեղ ծրագրերով, ունեն ներկայացնելու ծառայություններ, ապրանքներ, արտադրության իրենց կարողությունները, միեւնույն ժամանակ նոր գործընկերներ գտնելու եւ շուկաներ ընդլայնելու ցանկություն: Մենք աջակցում ենք նման միջոցառումների իրականացումը Հայաստանի Հանրապետությունում, քաջ գիտակցելով, որ բիզնես միջավայրի ձեւավորման առումով նման ձեռնարկումներն ունեն էական նշանակություն»,- ասել է նա:

ՀՀ վարչապետը շրջել է ցուցահանդեսում, ծանոթացել ներկայացված ընկերություններին եւ դրանց արտադրանքին: Ցուցահանդեսին մասնակցել է Հայաստանի, Լեռանային Ղարաբաղի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Գերմանիայի, Վրաստանի, Չինաստանի ավելի քան 150 կազմակերպություն, ընկերություն եւ միություն:

«ARMENIA EXPO 2009»-ը տարածաշրջանում խոշորագույն ցուցահանդես է, որի անցկացման ծավալները եւ իրական նշանակությունն անհնար է չգանահատել: Ի տարբերություն ոչ մեծ միջոցառումների, որոնք միայն մասնակի պատկերացում են տալիս արդյունաբերության առանձին ճյուղերի մասին, տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումի առաջարկությունների շրջանակն ընդգրկում է համարյա բոլոր ոլորտները: