4 սեպտեմբերի 2009 - 22:01 AMT
Սերժ Սարգսյանը մեկնում է Խորվաթիա
Խորվաթիայի Հանրապետության նախագահ Ստյեպան Մեսիչի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-8-ը պաշտոնական այցով կմեկնի Խորվաթիայի Հանրապետություն: Այցի առաջին օրը Վելիկի Բրիյուն կղզում ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Սպիտակ առանձնատանը տեղի կունենա նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ստյեպան Մեսիչի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Բանակցությունների ավարտին նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում Զագրեբում տեղի կունենա հայ-խորվաթական բիզնես-ֆորում, որի ժամանակ ելույթ կունենա ՀՀ նախագահը: Զագրեբում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Խորվաթիայի Ազգային Ժողովի նախագահ Լուկա Բեբիչի եւ վարչապետ Յադրանկա Կոսորի հետ:

ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա սեպտեմբերի 8-ի երեկոյան, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: