15 սեպտեմբերի 2009 - 23:30 AMT
Երեւանի քաղաքապետը գտնվում է Մոսկվայում պաշտոնական այցով
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հրավերով, սեպտեմբերի 15-17-ը պաշտոնական այցով գտնվելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում: Սա Գագիկ Բեգլարյանի առաջին պաշտոնական այցն է:

Երեւանի եւ Մոսկվայի քաղաքապետներ Գագիկ Բեգլարյանի եւ Յուրի Լուժկովի հանդիպման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվելու կրթական, մշակութային, սոցիալական ապահովության, ներդրումային, քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակման, մի քանի բնագավառներում երկկողմ կապերի զարգացման հարցերին:

Մոսկովյան այցի ընթացքում նախատեսված է նաեւ այցելություն Մոսկվայի հայկական եկեղեցի եւ Կրեմլի պալատ, բանակցություններ Մոսկվայի փոխքաղաքապետ Սերգեյ Բայդակովի հետ:

Երեւանի քաղաքապետի մոսկովյան այցի առիթով Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի է ունենալու ընդունելություն, որին մասնակցելու են Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ` մտավորականներ, գործարարներ, հասարակական եւ մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ: