ՀՀ ԱԳՆ. Նախաստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները ոչ մի նախապայման չեն պարունակում

PanARMENIAN.Net - «Հայաստանը չի քննարկում ցեղասպանության լինել-չլինելու հարցը, հարցականի տակ չի դնում ցեղասպանության իրողությունը եւ ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությունը: Դրա մասին որպես Հայաստանի արտգործնախարար հայտարարել եմ անգամ Թուրքիայում` 2008 թվականի նոյեմբերին Ստամբուլում հարյուրից ավելի լրագրողների ներկայությամբ»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանում ընթացող «Նախաստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով լսումների ժամանակ



«Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացն ունի մի քանի հարթություն, որոնք առնչվում են միջազգային հանրության եւ բուն Թուրքիայի կողմից ճանաչման խնդիրներին: Հայոց ցեղասպանության խնդիրը միջազգային հանրության կողմից ավելի շատ դիտվում է ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների, այլ համամարդկային արժեքների տեսակետից, եւ այս ուղղությամբ ներգրավված է այնպիսի կենսունակ հարցերի քննարկման ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքները, ցեղասպանության որպես մարդկության դեմ ծանրագույն հանցագործության վտանգի կանխարգելումը: Դրան ես անդրադարձել եմ 2 օր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի իմ ելույթում:



Արդյո՞ք առկա են նախապայմաններ: Ո`չ, եւ մեկ անգամ եւս ոչ: Կասկածի տա՞կ ենք առնում Հայոց Ցեղասպանության փաստը, խոչընդոտում ենք Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմա՞նը: Ոչ, եւ մեկ անգամ եւս ոչ»,-ասել է Նալբանդյանը:



Ըստ նրա, արհեստական են այն պնդումները, որ եթե Հայաստանը երկխոսություն է ծավալում Թուրքիայի հետ, ապա ցեղասպանության հարցը կսահմանափակվի որպես միայն երկու պետությունների միջեւ քննարկվող հարցի եւ կկորցնի իր համամարդկային նշանակությունը: Մենք վստահ ենք նաեւ, որ նախաստորագրված փաստաթղթերը հիմք չեն տալիս կասկածելու, որ հայ ժողովուրդը զրկվում է պատմական արդարությանը հետամուտ լինելու իրավունքից:



«Գոյություն ու՞նի կապ նախաստորագրված փաստաթղթերի եւ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի միջեւ: Ոչ, եւ մեկ անգամ եւս ոչ:

Անկախացումից ի վեր Հայաստանը պատրաստ է եղել Թուրքիաի հետ հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների: Այժմ մենք իրականացնում ենք այդ տարիներ շարունակ արտահայտված Հայաստանի ձգտումը:



Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի եւ նախաստորագրված փաստաթղթերի ենթադրական կապի մասին: Նախաստորագրված փաստաթղթերում որեւէ նշույլ անգամ չկա նախապայմանի, առավել եւս` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող:



Եվ դրա մասին բազմիցս հայտարարել է Հայաստանի նախագահը: Դրան անդրադարձել եմ Թուրքիայի վարչապետի հայտարարությանն ի պատասխան պաշտոնական հայտարարությամբ: Մեջբերում եմ. «Թուրքական կողմը տեղեկացված է եւ վստահ ենք` գիտակցում է, որ մենք բացառում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պայմանավորումը ԼՂ խնդրի հանգուցալուծման քայլերով»:



Եվ սա ոչ միայն Հայաստանի իշխանությունների սկզբունքային մոտեցումն, այլեւ` միջազգային հանրության, որը բազմիցս արդեն արտահայտվել է դրա վերաբերյալ: Դրա մասին են բազմիցս արտահայտվել Մինսկի խմբի համանախագահող երկրները: 2 օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթընի հետ հանդիպումից հետո եւս պետքարտուղարը վերահաստատեց ԱՄՆ դիրքորոշումը վերոհիշյալի առնչությամբ: Եվ այսօր Երեւանում գտնվող եռանախագահները միանշանակ հայտարարությամբ հանդես եկան այս կապակցությամբ»,-ասել է Նալբանդյանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---