ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅՏՆԻ ԹՈՒՐՔԱԳԵՏ ՄՈՒՐԱԴ ԲՈՋՈԼՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

PanARMENIAN.Net - Թուրքիայի օգտին լրտեսելու մեղադրանքով Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից հունվարի 26-ին ձերբակալված` հայտնի թուրքագետ Մուրադ Բոջոլյանը հրաժարվել է իր դատապաշտպան Ռուբեն Բալաբանյանի ծառայություններից: «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում Բոջոլյանի կինը` Լյուդմիլան հայտարարել է, որ հենց ինքն է հանդիսանում դատապաշտպանից հրաժարվելու նախաձեռնողը: Նրա խոսքերով, Բալաբանյանի գործունեությունը ստիպել է նրան եզրակացնել, որ նա անաչառ չէ եւ ավելին, համագործակցում է հատուկ ծառայությունների հետ: Լյուդմիլա Բոջոլյանի խոսքերով, դատապաշտպանը ահաբեկում էր ընտանիքը, հատկապես այն բանից հետո, երբ նա դիմել էր Հելսինկյան ասոցիացիա: Դրանից բացի, նրա խոսքերով, Բալաբանյանը, 500 դոլար հոնարար ստանալով, շանտաժի էր ենթարկում նրա ամուսնուն` ասելով, թե ոչ մի գումար չի ստացել: Լյուդմիլա Բոջոլյանը նշել է, որ մոտ օրերս նոր դատապաշտպանի մասին հարցը կլուծվի: Լյուդմիլա Բոջոլյանը ընդամենը մեկ անգամ է հանդիպել ամուսնու հետ: Նա համոզված է ամուսնու անմեղության մեջ: Նրա խոսքերով, այն բանից հետո, երբ Մուրադ Բոջոլյանը նոր դատապաշտպան կունենա, նա, հնարավոր է, հանդես գա հայտարարությամբ: Հիշեցնենք, որ Մուրադ Բոջոլյանը մեղադրվում է Քրեական օրենսդրության 59-րդ հոդվածով` «դավաճանություն Հայրենիքին լրտեսության միջոցով», որը նախատեսում է 10-15 տարվա ազատազրկում կամ մահապատիժ: Բոջոլյանը բավականին հայտնի անձնավորություն է` 90-ականների սկզբին նա ղեկավարել է ՀՀ ԱԳՆ Թուրքիայի բաժինը: Հայաստանի առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանի աշխատակազմում աշխատել է որպես թարգմանիչ թուրքերենից:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---