Արձանագրությունները ստորագրելուց հետո ՀՀ նախագահին մնում է միայն վերանայել իր հարաբերությունները Սփյուռքի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ, պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվելիք հայ-թուրքական Արձանագրությունների առիթով տարածել է մի հայտարարություն, որում նշվում է, որ եթե «այդ թուրքաշահ արձանագրությունները խոստանում են խախտել տարածաշրջանի ստատուս քվոն ու վատթարացնել Հայաստանի ռազմավարական դիրքերը թուրք-ադրբեջանական տանդեմին դեմ հանդիման, ապա Հայաստանում ու Սփյուռքում սկիզբ առած դիմադրության շարժումները եւ արձանագրությունները ստորագրելու իշխանությունների անխոհեմ որոշումը սպառնում են ներհայաստանյան ու Հայաստան-Սփյուռք ստատուս-քվոյին»:



Սաֆարյանը նաեւ ընդգծել է, որ ի հակառակ արձանագրությունների դեմ համախմբվող հոծ մեծամասնության եւ վտանգները չըմբռնող փոքրամասնության միջեւ արդեն իսկ տեսանելի բաժանարար գծի, Հայաստանի իշխանությունները դրանք ստորագրելու վերջնական որոշում են ընդունել: Այդ որոշումից հետո Սերժ Սարգսյանին մնում է վերանայել իր այն հայտարարությունը, թե «Հայաստանը մի երկիր է առանց սփյուռքի, եւ բոլորովին այլ երկիր` սփյուռքով»:



Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ իր որոշմամբ Սերժ Սարգսյանը արձանագրեց, որ համազգային հարցերում Հայաստանի ու Սփյուռքի շահերը տարբեր են: Հետեւաբար նա իրեն չպետք է համարի աշխարհասփյուռ հայերի նախագահ, պետք է հայտարարի, որ հայ-թուրքական բանակցություններում չի ներկայացնում հայության նվազագույնը 75 տոկոսի, կամ Սփյուռքում եւ Հայաստանում արձանագրություններին դեմ արտահայտված 90 տոկոսի շահերը, չպետք է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործը շարունակելու, Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին աջակցելու հորդորներ հղի նրանց: Պետք է հայտարարի, որ իրենց պատկերացրած «ուժեղ պետությունը» դա Սփյուռքի ու սեփական հասարակության զորակցությունով ուժեղ Հայաստանը չէ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---