ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ. Նիկոլ Փաշինյանը կարող էր անօրինական կերպով հատել սահմանը

PanARMENIAN.Net - «Նիկոլ Փաշինյանին 5 տարվա ընթացքում Հայաստանում մշտական բնակության մասին տեղեկագիր չի տրվելու, քանի որ դրա համար բավականաչափ հիմքեր կան»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը:



Հունանյանի խոսքով, ողջ այս ընթացքում Հայաստանում Փաշինյանի ներկայության մասին նրա կողմնակիցների հայտարարությունները վստահություն չեն ներշնչում, եւ այժմ խնդիրը դրված է հետեւյալ կերպ. «Փաշինյանի կողմնակիցները պետք է ապացուցեն իրենց պնդումները, իսկ ոստիկանությունը պետք է ապացուցի, որ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը ողջ այս ընթացքում իսկապես բացակայել է»:



Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե ինչպես է ոստիկանությունը հիմնավորելու Հայաստանից Փաշինյանի բացակայության մասին իր փաստարկները, մինչդեռ նրա անձնագրում սահմանը հատելու մասին կնիք չկա, նա նշել է, որ Փաշինյանը կարող էր անօրինական կերպով հատել սահմանը: «Եւ իրավապահ մարմինների օպերատիվ տվյալները մեզ թույլ են տալիս եզրակացնել, որ նա իսկապես բացակայել է Հայաստանից 2008-2009թթ. ընթացքում»,- նշել է Հունանյանը:



Հովհաննես Հունանյանը հաղորդել է, որ 5 տարվա ընթացքում Հայաստանում մշտական բնակության մասին տեղեկագիր հատկացնելու հարցում մերժվել է եւս մեկ հոգու` ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադատյանին, որն ավելի քան երկու տարի հետաքննության մեջ է գտնվում Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով:
 Ուշագրավ
---