10 նոյեմբերի 2009 - 17:39 AMT
Աթենքում նշել են ՀՅ Դաշնակցություն կուսակցության 119-ամյակը
Աթենքում նշել են ՀՅ Դաշնակցություն կուսակցության ստեղծման 119-ամյակը: Հունաստանի ՀՅԴ կոմիտեի ներկայացուցիչները նոյեմբերի 7-ին հավաքվել էին Աթենքի քաղաքապետարանի մշակութային կենտրոնում: Միջոցառումը բացվեց մի տեսահոլովակի ցուցադրությամբ, որը ներկայացրեց կուսակցության եւ հայ ժողովրդի պատմության նշանակալի իրադարձությունները, ինչպես նաեւ ՀՅԴ նշանավոր ներկայացուցիչներին:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Հայաստանի ՀՅԴ Բարձրագույն մարմնի նախագահ Հրաչ Թադեւոսյանը, որն անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերությունների եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին նախաստորագրված Արձանագրությունների հարցերին:

«Թուրքիան այսօր ձգտում է խախտել հայության միասնությունը: Հայկական հարցն Անկարայի համար եղել եւ մնում է մեկ ամբողջություն: ՀՅԴ-ն վճռական է Արձանագրությունների վավերացման դեմ պայքարում եւ պատրաստ է ձեռնարկել բոլոր քաղաքական եւ սահմանադրական միջոցները, որպեսզի թույլ չտա դա»,- ասել է Հրաչ Թադեւոսյանը, գրում է աթենական Azad Or թերթը: