11 նոյեմբերի 2009 - 17:16 AMT
Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ-ում հաջորդ ուսումնաշրջանից ուսումնասիրելու են հինդի լեզուն
Այսօր Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական ինստիտուտում (ԵՊԼՀ) տեղի ունեցավ փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը, ըստ որի ԵՊԼՀ -ում նախատեսվում է բացել հնդկական մշակույթի եւ լեզվի ամբիոն: Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալա Մալհոտրին եւ համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը:

«Երկար տարիներ ի վեր Հայաստանը համագործակցում է Հնդկաստանի հետ: Մեր համալսարանում հինդի լեզվի դասավանդումը անհրաժեշտություն էր դարձել: Հաջորդ ուսումնաշրջանում արդեն կարող ենք ուսումնասիրել հինդի լեզուն` Հնդկաստանից հրավիրված պրոֆեսորի ղեկավարությամբ: Մի որոշ ժամանակ անց մենք արդեն կունենանք ուսանողներ, ովքեր կխոսեն հինդուերենով», - նոյեմբերի 11-ին, փոխըմռնման հուշագրի ստորագրման արարողությունից հետո նշեց ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը:

Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպան Աչալա Մալհոտրին իր հերթին նշեց. «Այն մարդը, ով տիրապետում է հինդիերենին, կարող է շփվել Երկիր մոլորակի բնակչության 1/6-րդի հետ: Հինդիերենը ամենատարածված լեզուն է Հնդկաստանում եւ այդ լեզվով խոսում է 1 միլիարդ մարդ: Ես վստահ եմ, որ երբ հինդիերենը տարածում գտնի Հայաստանում, մենք կկարողանանք համագործակցության ավելի ամուր եւ ուժեղ կամուրջներ ստեղծել, դրանով հանդերձ մեր ժողովուրդների միջեւ շփման ոլորտները լայնացնել»: